Իսկ դուք ճանաչու՞մ եք հայտնի ռուս հնագետ Նիկողայոս Մառին: Այն Նիկողայոս Մառին, որ Անիում պեղումներ է կատարել: Շոտլանդացու եւ վրացու զավակ, մեծ հայագետ Նիկողայոս Մառը աշխարհի տարբեր ծայրերից Անիի ավերակները դիտելու եկած զբոսաշրջիկների համար, ովքեր կարդում են Անիի պարիսպի մոտ տեղադրված ցուցանակները, ռուս հնագետ է:
Այդ նույն զբոսաշրջիկները, ավելի ուշ, անցնելով Անիի ողջ տարածքով, մի քանի եկեղեցիների մոտով, ամեն տեղ ցուցանակները կարդալով, իմանում են, որ այսինչ եկեղեցին կառուցել է Գագիկ կամ Աշոտ թագավորը, այստեղ եղել է Բագրատունիների դինաստիան, հետո այստեղ տիրապետել են արաբները, վրացիները, պարսիկները, սելջուկները, ռուսները… Եվ վերջ: Ո՞վ էր Գագիկ թագավորը, ի՞նչ դինաստիա էր Բագրատունիների հարստությունը` այս մասին պատմությունը` գրված թուրքերի ձեռամբ, լռում է: Պատմությունը լռում էր նաեւ Ղարսի սուրբ Առաքելոց վանքի ծագման մասին:
USAID-ի ֆինանսավորմամբ Թուրքիա-Հայաստան ավտոբուսային շրջագայություն իրականացնող հայ եւ թուրք լրագրողները երեկ իրենց շրջագայության թուրքական մասն ավարտեցին Ղարսում` լինելով նաեւ Անիում:
Ղարսում տեսանք Եղիշե Չարենցի ենթադրյալ տունը: Կամ ավելի ճիշտ այդ տնից մնացած քարերը:
Կարդացեք նաև
Եղանք նաեւ Ղարսի Առաքելոց վանքում, որն այսօր վերածված է մզկիթի, եւ որը նույնպես կառուցել է ինչ-որ «անհայտ» Աբբաս
թագավորի կողմից: Ղարսը, որ կառուցվել է Գյումրիի հետ միաժամանակ, նույն սեւ բազալտե քարից, բավականին հիշեցնում էր Գյումրին: Այնտեղ մարդիկ ավելի բաց էին` հայերի հետ շփման համար: Հայերն այստեղ շատ ավելի հաճախ են լինում, բացի այդ` Ղարսում շատ ավելի կարոտով են սպասում հայ-թուրքական սահմանի բացմանը: Ոչ մի հայ բնակիչ Ղարսում չկա:
Այս քաղաքը չափազանց անխնամ վիճակում էր, անգամ մեր թուրք գործընկերներից մեկն ասաց` «կարծես չեմ հավատում, որ սա Թուրքիայի մասն է, ոնց-որ ամենեւին Թուրքիայում չլինենք»:
Սակայն այն, ինչ տեսանք Անիիում` վեր էր մեր երեւակայությունից: Զայրույթս եւ անզորության գիտակցումս հասավ գագաթնակետին, երբ Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում լսեցի, թե ինչպես էր թուրք գիդը օտարերկրացի զբոսաշրջիկների հարցին, թե այս ինչ տառեր են` ցույց տալով Մեսրոպ Մաշտոցի որմնապատկերը` հայոց այբուբենով, պատասխանեց` հավանաբար վրացական կամ հին արաբական տառեր են:
Երբ մեր գիդին` Ալի բեյին հարցրեցի, թե ինչո՞ւ է այսպես, նա պատասխանեց` դա թուրքական իշխանությունների ձեռագիրն է, որը հաճախ է քննադատվում թուրքական մամուլում եւ հեռուստատեսությամբ, լրագրողները եւ հասարակական որոշ գործիչներ բարձրացնում են այդ հարցը, ասում են` ի՞նչ է դա նշանակում, ո՞վ է այդ Գագիկ թագավորը, ո՞վ է Աշոտ Բագրատունին, ի՞նչ թագավորություն էր դա, ինչո՞ւ եք ձեզ եւ մեզ բոլորիս հիմարի տեղ դնում: Սակայն, փաստը մնում է փաստ, որ այդ քննադատությունները օդի մեջ են մնում` հայերն ու հայերի ներկայությունը Անիում որեւէ փաստական վկայություն չունեն: Եվ բազմաթիվ օտարերկրյա զբոսաշրջիկները, որոնք որեւէ պատմական գիտելիքների հենք չունեն, եւ պիտի ապավինեն միայն Անիի պարիսպների եւ եկեղեցիների մոտ տեղադրված ցուցանակներով, որոնցում ոչ մի տեղ չկար «հայ», «հայկական», «Հայաստան» բառը, չեն էլ իմանա, թե ինչ քաղաք է դա…
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ