ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու հետ կապված ԱԺ-ում երեկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բազմաթիվ հարցերի պատասխանեց: Aravot.am-ի հետ զրույցում Ն. Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով այս բոլոր խոսակցությունները՝ ԲՀԿ-ի քայլը ազնիվ էր, ազնիվ չէր, ե՞րբ կավարտվեն: Նա պատասխանեց. «Երբ լրագրողների հետաքրքրությունը եւ ինտրիգներ սարքելու տարբեր լրատվամիջոցների հետաքրքրությունը մարի եւ հասկանան, որ ԲՀԿ-ն արել է իր շատ ազնիվ քայլը: Արել է քայլ, որի ետեւում կանգնած է ժողովուրդը, եւ Բարգավաճ Հայաստանը խորհրդարանում շարունակելու է աշխատել՝ հանուն 1 նպատակի՝ դա ժողովրդի շահն է: Քանի դեռ տարբեր լրատվամիջոցներ փորձում են տարբեր ինտրիգներ տեսնել, տարբեր սցենարներ տեսնել, տարբեր վարկածներ շրջանառել ԲՀԿ- ի գործողությունների եւ քայլերի վերաբերյալ, իհարկե, այս ամենը չի դադարի: Ես կարծում եմ, որ դրանք ավելի շատ արհեստածին ինտրիգներ են, ավելի շատ պարապ ժամանակի եւ պարապ մարդկանց ինտրիգներ են, քան լուրջ քաղաքական վերլուծություններ:
Համենայնդեպս, ես ինքս որպես նախկին լրագրող որեւէ լուրջ քաղաքական վերլուծության ԲՀԿ-ի քայլերի վերաբերյալ չեմ հանդիպել: Ցավում եմ, որ մեր լրագրողական դաշտն իջել է մանր ինտրիգների եւ տարբեր գործիչների կողմից հրահրվող անհետաքրքիր սադրանքների դաշտը: Ինձ հետաքրքիր չի կարդալ այդ հոդվածները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ