Երեւան քաղաքի ավագանիում Ստեփան Դեմիրճյանի մանդատից իբրեւ «Հայոց հայրենիք» կուսակցությունից ներկայացված Ռուբեն Թորոսյանը չի պատրաստվում հրաժարվել. «Հա բա ոնց, ես վաղուց եմ հայտարարել, մինչեւ այդ հարցը այնտեղ բարձրացնելը»,- ասաց պարոն Թորոսյանը:
Մեր հարցին ի պատասխան՝ իսկապե՞ս ավագանու մանդատը նրա երազանքն էր, ինչպես երեկ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, պարոն Թորոսյանը ծիծաղեց. «Այդ նրան պետք է հարցնել, որովհետեւ երեւում է՝ այդ մարդը գրագիտության պակաս ունի, քանի որ ՀԱԿ-ի կողմից արդեն հայտարարվեց , որ գնում են Պառլամենտ: Դա ի՞նչ է նշանակում, որ համապատասխան տեղերն ազատվել են: Այդ ժամանակ պետք է մանդատները փոխանցվեին հաջորդներին, բայց հաջորդներին ո՞նց կփոխանցվեր, եթե քաղաքական որոշում կար՝ բոյկոտել են: Դրա համար ես գնում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողով ու ասում եմ՝ բոյկոտին չեմ մասնակցում ու տեղեկացնում եմ, որ ուզում եմ ստանալ մանդատը: Հիմա երեւի այդ մարդն էլ շատ վրդովված է Ազգային ժողովի ընտրություններից, որ բողոքներ են այդքան եղել, քննարկել, իր արեւին հումոր է արել, այսինքն այդ դիմումը հաշվել է որպես երազանք»:
Թե ինչու էր նրա փաստաթղթում միաժամանակ եւ անկուսակցական եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունը նշագրված, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ՀԱԿ կայքում նա նշված է իբրեւ «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ՝ պարոն Թորոսյանն ասաց. «Մեր կուսակցությունը գրանցված չէ, դրա համար էլ պետությունը չի ճանաչել ու անկուսակցական է գրում, ընդունված ձեւ է»: Նա հիշեցրեց, որ «Հայոց հայրենիքը» եւս ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցություն է:
ԿԸՀ ուղարկած իր բազմաթիվ բողոք-դիմումների մերժման մասին էլ ասաց, թե իր բողոքները մերժվել են ոչ թե ըստ էության, այլ իբրեւ թե քաղաքացին իրավունք չունի դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով. «Ըստ էության, ոչ մի բողոք չի մերժվել, որովհետեւ բոլորն այնպիսի ապացույցներ ունեն, որոնք, ՀԱԿ-ը հիմք ընդունելով դիմել է Սահմանադրական դատարան… այսինքն այդ դիմումները, ըստ էության, չեն քննարկվել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ