Լրահոս
Օրվա լրահոսը

Անգրագիտության բացառիկ ցենզը ԱԺ-ում

Հունիս 01,2012 11:48

5-րդ գումարման ԱԺ առաջին նիստն սկսվեց կաթողիկոսի առ Աստված բարձրացրած աղոթքով` փրկիր մեզ չարից: Նրանք, ովքեր գիտեն, թե ինչպիսի կազմ է հավաքել այս ԱԺ-ն, հաստատ կիմանան, թե ինչի մասին է խոսքը:

Այս Ազգային ժողովը, ոչ մի կասկած, որ լինելու է ամենավատը, եթե հանկարծ Ռուբեն Հայրապետյանը եւ Սամվել Ալեքսանյանը նախկինի նման որոշեն լծվել «օրենսդրական բուռն գործունեության», ինչպես նրանք սպառնացել են երեկ ԿԸՀ-ում:

Մամուլն արդեն ներկայացրել է Յուվեցի Կարոյի` ԿԸՀ-ից դուրս գալիս իրեն նկարահանող օպերատորին ասված խոսքերը. «Ուզում ես Օբամանի բարեկամն էղի, փագի էդի, դավայ»: Ի՞նչ է նկատի ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երբ խրախուսել է այսպիսիների մուտքը ԱԺ, այսինքն` երբ չի պնդել կրթական անհրաժեշտ ցենզի առկայությունը պատգամավոր առաջադրվելիս:

Գեներալ Մանվելի եւ գեներալ Սեյրանի ներկայությունը միայն ամրապնդում է այն մտավախությունը, թե ինչ կարելի է սպասել այս ԱԺ-ից: Երբ կրթական ցենզի պնդում չկա, կարելի է կանգնել ամբիոնի դիմաց ու պահանջել, ասենք, վառել բոլոր ոչ հայերեն գրքերը, կարելի է պահանջել գնդակահարել ՀԱԿ խմբակցությանը, կարելի է Սերժ Սարգսյանին հռչակել Աստված, կարելի է ընդհանրապես արգելել հակասերժական որեւէ տեսակետի արտահայտում, կարելի է արգելել լրագրողների մուտքը ոչ միայն ԱԺ դահլիճ, այլեւ, ասենք, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստին, որպեսզի որեւէ մեկը չիմանա, թե ով է պատասխան տալու շաքարավազի կամ առաջին սպառման ապրանքների գների բարձրացման համար: Բոլոր այս պահանջները անգրագիտության բացառիկ ցենզ են պահանջում:

Եվ, ընդհանրապես, մի’ կարծեք, թե մենք ապրում ենք այնպիսի Հայաստանում, որը գիտի ֆաշիզմի, այլատյացության եւ տոտալիտարիզմի«արժեքը»: Մենք այդպիսի Հայաստանում դեռ շատ երկար չենք ապրելու: Բայց այդպիսի Հայաստանի դեմ պայքարել հնարավոր է` թույլ չտալով, որ մեր երեխաները առերեսվեն այդպիսիներին, նույնիսկ չիմանան, որ այս երկրում հնարավոր է գեներալ Մանվել կամ Յուվեցի Կարո: Այսինքն` նրանց իմանալն իմաստ ունի միայն այն ժամանակ, երբ նրանք չեն լինի: Որովհետեւ քանի նրանք կան, մեր երեխաների առաջին արձագանքը լինելու է հետեւյալը` ինչպե՞ս է հնարավոր, որ դպրոցում չսովորած մարդը նստի Ազգային ժողովում: Այսինքն` այս ԱԺ-ի գոյության պահից ի վեր մեր երկրի առաջին անելիքը դառնում է կրթության նախարարության դերի ուժեղացումը: Մնացած բոլոր նախարարությունները կարող են հանգստանալ, իսկ ԱԱԾ-ն` նույնիսկ լուծարվել:

«Երկիր»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930