«Փարվանայի քեֆը շա՜տ լավ անցավ, ուրախացանք, շատ լավ էր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ ավելացնելով, որ «Փարվանայում» մի քեֆ էլ կազմակերպել է «վերջին զանգի» կապակցությամբ՝ Մալաթիա-Սեբաստիա եւ Աջափնյակ համայնքների շրջանավարտների համար:
Մենք պարոն Ալեքսանյանից հետաքրքրվեցինք՝ պարբերաբար Ձեր անունը շրջանառվում է մամուլում, ամենուրեք, Ձեզ քննարկում են, ինչպե՞ս եք մեկնաբանում, ինչից է դա: «Պատահական մարդ չեմ, երեւի, դրանից է: Ինչի՞ հորս անունը չեն գրում»,- պատասխանեց Ալեքսանյանը՝ հստակեցնելով, թե՝ «հերս էդ ձեւ անունով մարդ չի եղել, էլի, որ գրեն, ինձ թվում ա՝ դրանից ա»:
Իր բիզնեսների հետ կապված՝ Սամվել Ալեքսանյանը վստահեցրեց, որ բիզնեսով չի զբաղվում, ավելին՝ կինն էլ չի զբաղվում. «Ով որ կա՝ ինքն էլ կառավարում ա: Կինը չկա արդեն, կինը գործից հելել ա»:
ԱԺ միջանցքներում մեր զրույցն ընդհատեց մի մարդ, որը շնորհակալություն հայտնեց պարոն Ալեքսանյանին՝ ասելով, որ ամեն ինչ նորմալ անցել է, եղել է: Պարոն Ալեքսանյանը բացատրեց. «Տենո՞ւմ եք, տասնը քանիերորդ հարկից մարդ էր ընկել, բերին մեր հիվանդանոցը՝ բուժեցին»: Խոսքը «Մալաթիա» բժշկական կենտրոնի մասին է, որը Սամվել Ալեքսանյանի միջոցներով վերանորոգվել ու վերազինվել է: Պարոն Ալեքսանյանն ասաց, որ համայնքի բնակիչներից շատերին այնտեղ ձրի բուժում են:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ