Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նախարարի իր պորտֆելը շուտով հանձնելու է: Aravot.am-ի հետ զրույցում նախարարը կիսվեց, թե ինչ «սրտով» է հանձնելու իր պահած-փայփայած ոլորտը եւ ում է տեսնում նախարար՝ իրենից հետո:
Մեր հարցին՝ չե՞ք ափսոսում, որ հանձնելու եք հարազատ ոլորտի նախարարի պորտֆելը, նա պատասխանեց. «Ես ոլորտի զարգացման համար արել եմ առավելագույնը: Ուզում եմ ասել՝ գոհ եմ ամեն ինչից: Մի օր դա պիտի լիներ, ժառանգություն չի, որ մնա ինձ, ափսոսելու բան չկա, քաղաքական կուրսը փոխվել է, մենք դուրս ենք եկել: Մնացածը կյանքը ցույց կտա»:
Մենք հետաքրքրվեցինք՝ Ձեզ որտե՞ղ եք տեսնում, նա պատասխանեց. «Իմ գործերի մեջ, որտեղ որ ես կամ՝ կզբաղվեմ «Էրեբունիով», «Նաիրիով»: Շատ լավ ծրագրեր ունեմ, ուղղակի քանի դեռ չեն հաստատել, չեմ անում, երբ որ կլինի՝ կանեմ»:
Մեր հարցին՝ եթե ուրիշ քաղաքական ուժ ղեկավարի ոլորտը, Ձեր հիվանդանոցների հետ կապված խնդիրներ չե՞ն առաջանա, տարաբնույթ ճնշումներ կարո՞ղ են լինել, պարոն Քուշկյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետեւ ես ընդհանրապես փորձում եմ նորմալ աշխատել: Ասենք, լուրջ պրոբլեմներ չեմ ունենա»: Մենք ճշտեցինք՝ մաքո՞ւր է ամեն ինչ, պարոն Քուշկյանը պատասխանեց. «100%-ով մաքուր ոչ մեկը չի կարողանա աշխատել՝ ուզենա թե չուզենա: Հաշվարկի մեջ թերություններ միշտ լինում են: Ընդհանրապես, ես այս 20 տարի իմ կոլեկտիվը՝ թե պետական կարգավիճակի մեջ, թե սեփական՝ մասնավորեցված, դեպի լավն եմ տարել, այնպիսի բաներ չեմ արել, որ պրոբլեմի առաջ կանգնեցնեմ իրենց: Չեմ գտնում, որ ես պետք է ինչ-որ խնդիր ունենամ, եթե այլ քաղաքական ուժ ղեկավարի ոլորտը: Կարծում եմ՝ հակառակը, որովհետեւ մեր հիվանդանոցները շատ ուժեղ հիվանդանոցներ են: Առանց դրանց ընդհանրապես Հայաստանի առողջապահության զարգացման համար շատ դժվար կլիներ»: Հարություն Քուշկյանի խոսքերով՝ «Էրեբունի» հիվանդանոցը մեծ նշանակություն է ունեցել մեր ժողովրդի համար, եւ դա կյանքն է ցույց տվել՝ սկսած երկրաշարժից. «Լուրջ պոտենցիալ ունեցող հիվանդանոց է՝ իր մասնագետներով, մոտեցումներով եզակի»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը՝ այդ հիվանդանոցները ուժեղացան Ձեր նախարար եղած ժամանակ, պարոն Քուշկյանը չհամաձայնեց՝ նշելով, որ 93-94 թվականներին առաջատար հիվանդանոցներ են եղել. «Հակառակը՝ նախարար եղած ժամանակ ես զսպել եմ իմ հիվանդանոցները, որպեսզի արդարություն լինի, չասեն՝ նախարար դարձավ, իր հիվանդանոցներին օգնում է: Չնայած դրանք արդեն կայացած հիվանդանոցներ էին, բայց նախարար ժամանակ ես իրոք առավելությունը իմ հիվանդանոցներին չեմ տվել: Որպեսզի կարողանաս լիարժեք աշխատել, այդպես պիտի անես, որովհետեւ եթե նստես ու քո հիվանդանոցներին օգնես, հաստատ քո ոլորտը չես կարող լիովին զարգացնել»:
Մեր հարցին՝ անկախ ոլորտից՝ բժշկություն, տնտեսություն, բիզնեսը մնում է բիզնես, եւ քաղաքականությունը շատ մեծ կապ ունի բիզնեսի հետ, Դուք մտավախություններ չունե՞ք, նկատի ունենք, որ ՀՀԿ-ԲՀԿ լարված հարաբերություններ են՝ նախարարը պատասխանեց. «Չէ, ինչի՞ պիտի ունենամ, 5 տարի առաջ ո՞նց էր: Բացարձակապես: Ես չեմ գտնում, որ լարված են: Կարող է՝ քաղաքական ինչ-որ պայքար է, լարվածություն է, բայց ես չեմ մտել այդ ոլորտ: Բժշկությունը ես միշտ էլ առանձնացրել եմ: Այն այնպիսի մարտավարություն ունի, որ բոլորին էլ պիտի օգնել՝ քաղաքական ինչ իրավիճակ էլ լինի, մենք յուրաքանչյուր մարդու պիտի օգնենք, զարգացնենք մեր բժշկությունը՝ ամեն մեկն իր տեղում: Եթե որեւէ մեկը խնդիր ունի՝ դա իր խնդիրն է»: Պարոն Քուշկյանը Արա Բաբլոյանին իր աթոռին տեսնում է. «Շատ լավ թեկնածու է, շատ, 100 % լավ թեկնածու է, միանշանակ»:
Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրված Արա Բաբլոյանը մեզ հետ զրույցում իր նախարար լինելու մասին խոսակցությունների առնչությամբ ասաց, որ ծանոթ չէ դրանց. «Ես գիշերն եմ եկել, այստեղ չեմ եղել, չեմ էլ իմացել, թե ում թեկնածությունն է շրջանառվում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ