Այսօր ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ սպասում է ՀԱԿ-ին: Նա ուրախ է, որ նոր գումարման ԱԺ-ում Կոնգրեսն էլ է լինելու: Մեր դիտարկմանը՝ սուր հարցեր կլինեն Ձեր հանքերից, բիզնեսներից, պարոն Այվազյանը պատասխանեց. «Պատրաստ եմ, ինչքան սուր հարցեր կլինեն, այնքան լուծումներն ավելի օպտիմալ, ավելի պրագմատիկ կլինեն: Ես կողմնակից եմ ավելի գործուն մեխանիզմների իրականացմանը, ոչ թե համամիտ եմ ամպագորգոռ ելույթներին: Իրենք շատ ավելի լավ կլինի ներկայացնեն այն կոնկրետ մեխանիզմները, թե ինչպես են պատրաստվում իրականացնել այն խոստումները, որոնք տվել են: Դա շատ կարեւոր է՝ աշխատավարձի մի քանի անգամ բարձրացում, բան… Կգան կտեսնենք, թե ինչ մեխանիզմներով են բարձրացնելու: Թե չէ հալվա ասելով՝ բերանը չի քաղցրանա»:
Ըստ Վարդան Այվազյանի, նոր խորհրդարանը տարբերվելու է նախորդից, եւ դա միայն ՀԱԿ-ից չէ. «Քաղաքական ուժերի համամասնությունը թույլ է տալու, որ քննարկումների առումով լինի շատ ավելի լարված, որը, բնականաբար, կտա իր արդյունքը»: Մեր հարցին՝ ԲՀԿ-ի կոալիցիա չկազմելը քվեարկության վրա լուրջ արդյունք կունենա՞, նա պատասխանեց. «Բացի աշխատանքի արդյունավետության բարձրացումից, կարծում եմ, այդ առումով նոր ակնկալիք չեմ կարող տեսնել: Համենայնդեպս, կատարելու են այն աշխատանքը, ինչ կատարել ենք»:
Ըստ Վարդան Այվազյանի, ինչքան շատ լինեն առաջարկություններ, ինչքան շատ մի հարց քննարկվի, այդքան կշահի տվյալ փաստաթուղթը. «Մեր հանձնաժողովը ամենածանրաբեռնված հանձնաժողովներից մեկն է: Մեր հանձնաժողովն է քննարկել օրենսդրական փաթեթների մոտ 30-35%-ը, լուրջ բեռը այդ հանձնաժողովն իր մեջ է ներառում»:
Վարդան Այվազյանը ընկերներ ունի ԲՀԿ-ում: Նա վստահ է, որ ԲՀԿ-ի՝ կոալiցիա կազմել-չկազմելուց իրենց հարաբերությունները չեն տուժի. «Մեր ընկերությունը չի տուժի, որովհետեւ բացարձակ քաղաքական հայացքների հետ դա կապ չունի: Ես ունեմ իմ հայացքը տվյալ խնդրի վերաբերյալ, ինքը ունի իր հայացքը, ես մի քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, որ խնդրի լուծման իր տեսակետը ունի, Բարգավաճը՝ իր: Ստեղ քաղաքական բանավեճը չի կարող վերածվել անձական բանավեճի: Կարող ենք շատ մոտիկ լինել, բայց դա որեւէ կերպ չի անդրադառնա քաղաքական հայացքների վրա»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ