Ս.թ. մայիսի 31-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում` ՀՀ Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժե Աբերլեն:
Մինչ դիտարկումը ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել է հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, շփման գծում դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր:
Դիտարկման ընթացքում կողմերը ռադիոկապ են հաստատել միմյանց հետ և տվել անվտանգության երաշխիքներ: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի: