Այսօր գարնան վերջին օրն է: Եվս մեկ օր ու հրաժեշտ ենք տալիս գարնանն ու բարի գալուստ մաղթում ամռան շոգ օրերին: Ոմանց համար այս գարունը առանձնահատուկ էր՝ իր իրադարձություններով, ոմանց համար էլ սովորական, հերթական մի գարուն էր: Այս մասին «Առավոտ երիտասարդականը» անցկացրեց հարցումներ՝ հայտնի մարդկանց շրջանում:
Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Մանվել Խաչատրյանը գարունը շատ է սիրում, թերևս պատճառն այն է, որ նա հենց գարնանն է ծնվել: Իսկ այս գարունը նրա համար աչքի ընկավ մի շատ կարևոր իրադարձությամբ. «Այս գարնանը «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացա «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգին, ինչի համար շատ ուրախ եմ» , – ասում է դերասանը:
Երգչուհի Անահիտ Շահբազյանի համար այս գարունը ոչնչով չտարբերվեց նախորդներից, չնայած այս հանգամանքին՝ նա, միևնույն է, չի դադարում սիրել գարունը. «Սիրում եմ արև, ծաղիկներ, երազանքներ, որոնք միմիայն գարնանն են ծնվում», – նշում է նա:
«Այս գարունը թարմ ուժերի, զգացողությունների, վերադրսևորումների նոր փուլ էր իմ կյանքում», – ասում է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը: Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ հաղորդավար Ժակի հետ միասին արժանացել է «Տարվա լավագույն ռադիոծրագիր» և «Ոսկե էկրանի» «Տարվա անբաժան զույգ» անվանակարգերին : Սակայն այս հաճելի պահերից բացի, հաղորդավարուհու գարունը նաև սկանդալային եղավ. «Անսպասելիորեն հայտնվեցի անակնկալ սկանդալի մեջ՝ ֆեյսբուքյան ստատուսների հետ կապված, ու էլի շատ բաներ… մի խոսքով, խենթ գարուն էր», – ասում է նա:
«Individuum Casting production»-ի տնօրեն Աշոտ Սարգսյանի համար էլ այս գարնանը ոչ մի արտառոց բան չեղավ. «Միգուցե պատճառն այն է, որ ես չէի սպասում, – ասում է նա ու ավելացնում,-ես սպասելիքներ եմ ունենում իմ կատարած աշխատանքից և չեմ կապում դա այլ բաների հետ, որովհետև նույնիսկ ամենացուրտ ձմռանը կարող է գարուն լինել, կարևորը հոգու գարունը չբացակայի»:
Տիգրանուհի Թասլակյան