Չորրորդ տարին անընդմեջ Հայաստանը մասնակցում է Կաննի փառատոնի կինոշուկային: Մայիսի 16-27-ը հայկական տաղավարը մարդաշատ է եղել: Այսօր էլ «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում մեր պատվիրակությունն ամփոփեց արդյունքները:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի կարծիքով, մասնակցությունը կինոշուկային առաջին հերթին արդյունավետ էր երիտասարդ պրոդյուսերների, ռեժիսորների համար. «Նրանք կարող էին հովանավոր գտնել իրենց նախագծերի համար, ինպես նաև հետագայում մուտք ունենալ դեպի եվրոպական կինոարտադրություն»:
Գեւորգ Գեւորգյանն ասում է, որ բազմաթիվ օգտակար շփումներ են ունեցել Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի՝ CMC-ի հետ, մյուսն էլ վերաբերում է իր հզորությամբ Չինաստանում երկրորդ տեղը գրավող մի TV-ի, քննարկվել է երկու երկրների ֆիլմերի փոխանակման հարցը:
Հայաստանյան որոշ կառույցներ առաջին անգամ են մասնակցել Կաննի փառատոնի կինոշուկային: «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի ստուդիան դրանցից մեկն էր: Տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքով, այն անցել է շատ հետաքրքիր եւ ստացել են բազմաթիվ առաջարկներ:
Ռեժիսոր Խաչատուր Մարտիրոսյանն իր առաջին քայլերն է անում խաղարկային ֆիլմի ժանրում: Կինոշուկային ներկայացրել էր հոգեբանական թրիլեր` հիմնված իրական փաստերի վրա: Ասում է` մեծ փորձ է ձեռք բերել:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ