Մեր երկրից արտագաղթի նոր ալիք է սկսվել: Արդեն հարյուրավոր ընտանիքներ տուն- տեղ վաճառում` գնում են Կանադան շենացնելու: Aravot.am-ի տեղեկություններով, հերթը հասել է բանակին. այս օրերին պաշտպանության նախարարության արդեն նախկին աշխատակիցներից շատերը, որոնց ծառայության պայմանագրերը լրացել են, դիմում են Միգրացիայի միջազգային կազմակերպությանը եւ այլ միջնորդների` Կանադա մեկնելու միգրացիոն ծրագրում ընդգրկվելու: Որոշ քաղաքացիներ արդեն մեկնել են: Այդ երկրում բանվորի, խառատի, ինժեների, դայակի, բժշկի, ծրագրավորողի եւ այլ մասնագիտություն ունեցող մարդկանց մեծ պահանջարկ կա: Ի տարբերություն եվրոպական երկրների, որտեղ մեկնելու համար արտագաղթող հայերը դիմում են անօրինական ճանապարհների,Կանադան օրինական արտագաղթ, իսկ ավելի ճիշտ՝ ներգաղթ է կազմակերպում դեպի իր երկիր` միանգամից լուծելով միգրանտի` Կանադայում ապրելու կարգավիճակի հարցը: Ի դեպ, ծրագրում ընդգրկվելու համար անգլերեն լեզվի տարրական իմացություն է պետք:
Հիշեցնենք, որ համանման մի ծրագիր էլ` «Հայրենակիցների վերադարձ» անունով Ռուսաստանի Դաշնությունն էր մեր երկրում իրականացնում, որի «շնորհիվ» հարյուրավոր հայ ընտանիքներ լքեցին Հայաստանը եւ գնացին Սիբիրը «ծաղկեցնելու»:
Թե որքա՞ն մարդ է կանադական այդ ծրագրով հեռացել մեր երկրից Aravot.am-ի հարցին, Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանն ասաց, որ իրենք որեւէ տվյալ եւ տեղեկություն չունեն, քանի որ այն իրականացնում է Կանադայի կառավարությունը: Տիկին Դավթյանի խոսքերով, իրենք դիմել են Մոսկվայում գործող Կանադայի դեսպանատուն՝ տվյալներ ձեռք բերելու խնդրանքով, սակայն հայկական կողմի հարցերը դեսպանատունն անպատասխան է թողել:
Այն, որ հերթը հասել է բանակին ու քիչ թե շատ նորմալ աշխատավարձ ստացող պայմանագրային զինծառայողն էլ է գերադասում արտագաղթել, թերեւս լուրջ մտածելու առիթ պետք է տա մեր երկրի համար պատասխանատուներին:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ