Մայրաքաղաղաքի ներքաղաքային հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի պահանջներից ելնելով, Երևանի քաղաքապետարանի <<Երևանտրանս>> փակ բաժնետիրական ընկերությունում մայիսի 31-ին, ըստ հաստատված ժամանակացույցի, մեկնարկել են երթուղիների մրցույթները: Գնահատման պարտադիր չափանիշների մեջ մտնում են մեքենայի տեխնիկական վիճակը, արտաքին տեսքը, ուղևորասրահի հարմարավետությունը, նստատեղերի անհրաժեշտ քանակը և այլն: Երթուղիներ դուրս կգան բացառապես այն շարժակազմերը, որոնք կհամապատասխանեն սահմանված չափանիշներին և մասնագիտական հանձնաժողովի կողմից առավել բարձր միավորներ կստանան: Հնարավոր թերություններ հայտնաբերելու պարագայում եթե շարժակազմում անհրաժեշտ քանակի մեքենաներ չապահովվեն, մրցույթը կհամարվի չկայացած: Նման դեպքերում կհայտարարվի նոր մրցույթ, որը կանցկացվի 45 օր հետո: Մինչ այդ, երթուղին կշարունակի ազգաբնակչության սպասարկումը` այլ ռեսուրսների հաշվին համալրում ստանալու պայմանով:
Մինչև նոյեմբերի վերջ յուրաքանչյուր շաբաթ տեղի կունենա 4 –ից 5 երթուղու մրցույթ, որից հետո մայրաքաղաքի երթուղային նոր ցանցը կստանա իր լիարժեք տեսքը և ըստ այդմ էլ կկազմակերպվեն ուղևորափոխադրումները: Մրցույթների անցկացման ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի հետևյալ հղումով https://www.yerevan.am/edfiles/files/Avagani%20artahert%2003.05/Jamanakacuic-2012.pdf Մրցույթների անցկացման օրերին տվյալ երթուղիներն այդ օրվա որոշակի ժամանակահատվածում չեն սպասարկվի, ինչի համար Երևանի քաղաքապետարանը կանխավ հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն