Լրահոս
Օրվա լրահոսը

Օլանդը «չի շտապում» ցեղասպանության օրինագծի հարցում

Մայիս 31,2012 16:40

Ֆրանսուա Հոլանդը Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ելույթ է ունենում Ելիսեյան պալատում, Փարիզ, 15-ը մայիսի, 2012թ.

Ֆրանսիայի նոր կառավարությունը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը մինչ կփորձի նորից ներկայացնել օրենսդիրներին, նախ կքննարկի Սահմանադրական խորհրդի որոշումը, հինգշաբթի օրը գրում է թուրքական Hurriyet Daily News-ը` վկայակոչելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսին:

Ֆրանսիայի արտգործնախարարի Le Monde-ին տված հարցազրույցից թուրքական թերթը մեջբերում է Լորան Ֆաբիուսի խոսքերը, ով ասել է. – «Հայոց ցեղասպանության հարցով մենք պետք է քննարկենք Սահմանադրական խորհրդի որոշումը»:

Ըստ հրապարակման՝ Ֆաբիուսն ասել է, թե «այնուհանդերձ, իրավական որոշ սահմանափակումներ կան»:

Ֆրանսիայի արտգործնախարարը նաեւ ասել է, թե Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումը հեշտ չի լինի, նշելով, որ, ամեն դեպքում, «կարեւոր է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ, որը մեծ դեր է խաղում ե՛ւ տնտեսական, ե՛ւ դիվանագիտական ասպարեզներում, օրինակ` Սիրիայի եւ Իրանի հարցերում»:

Hurriyet Daily News-ը հիշեցնում է, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից առաջ քաշված օրինագիծը այս տարվա սկզբին լարվածություն էր առաջացրել թուրք – ֆրանսիական հարաբերություններում: Օրինագիծը հաստատվել էր Ազգային ժողովում եւ Սենատում, բայց հակասահմանադրական ճանաչվեց Սահմանադրական խորհրդի կողմից, որի կարծիքով` այն խախտում է նաեւ խոսքի ազատության իրավունքը:

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել է նորից կյանքի կոչել օրինագիծը:

Hurriyet Daily News-ը գրում է, որ դիվանագիտական աղբյուրների համաձայն` Հայոց ցեղասպանության խնդիրը դեռեւս պոտենցիալ սպառնալիք է թուրք – ֆրանսիական հարաբերությունների համար:

Հրաչ Մելքումյան
«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031