«Երեւանցու համար ծածկած շուկան խորհրդանիշ էր: Չգիտեմ բարբարոսություն ասեմ, հիշողությունը կտրել ասեմ… ինչ ասեմ: Մենք մեր հիշողությունը ջնջում ենք ու իրավունք չունենք ընդհանրապես խոսելու մեր հարեւանների վանդալիզմի մասին , նրանք կարող են ասել՝ դուք հլը ձերը պահեք, հետո նոր մտածեք այստեղ եղածի մասին»,- այսօր Փակ շուկայի խնդրի վերաբերյալ քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հ/կ նախագահ Ավետիք Իշխանյանը:
Նա ասաց, որ իր համար Երեւանի շուկան շատ ավելի կարեւոր է, քան Վրաստանում քանդված ինչ-որ եկեղեցի. «Մենք կարող ենք արդյոք հասնել նրան, որ ոնց որ կա շուկան, այդ նույն ձեւով վերականգնվի: Մեր պահանջը պետք է լինի հետեւյալը՝ վերականգնվի շուկան նույն ձեւով, ինչպիսին որ կար, գուցե ավելի ամուր, եթե ասում են ամուր չէր, չեմ հավատում, էն ժամանակվա կառույցներն ավելի ամուր էին, քան հիմա որ կառուցում են»:
Բլոգեր Իզաբելլա Աբգարյանն էլ առաջարկեց պնդել՝ մինչեւ վերջ պատասխանատվության ենթարկել, արդեն իսկ արված ապօրինությունների համար. «Քանի որ, եթե հիմա հանձնաժողով ստեղծվի ու մի քանի ամիս էլ հանձնաժողովներ խաղացնեն, ընդամենը հանրության ալիքը մեղմելու համար է լինելու» :
«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն էլ ասաց, որ կարեւոր է «այս մութ պատմության» մեջ վերհանել՝ ինչու է մասնավորեցվել Երեւանի Փակ շուկան, եթե այն արդեն ընդգրկված է եղել հատուկ պահպանության հուշարձանների ցանկում. «Քիչ առաջ տեղեկացա, դեռեւս պիտի ճշգրտվի այս ինֆորմացիան, նման դեպքերում եթե որեւէ շինություն ներգրավվում է մասնավորեցվող օբյեկտների ցանկում ու եթե այդ շինությունը իրենից ներկայացնում է հուշարձանի կոթող, պետության հետ պետք է պայմանագիր լինի՝ ինչպես է տնօրինելու այդ կառույցը: Արդյոք առկա՞ են նման փաստաթղթեր… դեռ պարզ չեն»:
Կարդացեք նաև
Փակ շուկան վերականգնելու հարցում միավորված քաղաքացիական ազգային նախաձեռնությունը այսօրվա հանդիպման ժամանակ քննարկեց նաեւ հետագա անելիքները: Առաջարկվեց պատասխանատու գերատեսչություններից հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը. Հնարավոր է գործը հասնի դատարան: Ս. Սաֆարյանն էլ խոստացավ հաջորդ հանդիպումների ժամանակ հրավիրել նաեւ պատասխանատուներին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ