Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն վիճեց ԱԺ անդրանիկ նիստում ու բոյկոտեց քվեարկությունը

Մայիս 31,2012 15:37

 

ԱԺ անդրանիկ նիստում ԱԺ մշտական հանձնաժողովների թվի, անվանումների եւ գործունեության ոլորտների հաստատումն էր: Դավիթ Հարությունյանն առաջարկեց պահպանել 12 հանձնաժողովները: Ինչին ընդդիմացավ ՀՅԴ-ն: Արմեն Ռուստամյանը նշեց, որ «Հինգ հոգանոց խմբակցություն կա՝ մենք ենք, «Ժառանգությունն» է , դուք զրկում եք փոքր խմբակցություններին ունենալ ներկայացուցիչ բոլոր հանձնաժողովներում՝ սա կանոնակարգի կոպիտ խախտում է»:

Դավիթ Հարությունյանը բացատրեց, որ Սահմանադրությանը կհակասի, եթե հանձնաժողովների թիվը կրճատվի, իսկ Արմեն Ռուստամյանը չհամաձայնեց. «Այն, ինչ հիմա են ուզում անել՝ կոպիտ խախտում է, որեւէ հիմք, հիմնավորում չկա, շատ հստակ է գրված օրենքում: ՍԴ-ի հետ որեւէ հակասություն չկա, ՍԴ-ն ասում է մինչեւ 12: Այսպես հնարավոր չէ աշխատել»:

Վահան Հովհաննիսյանի մեկնաբանությամբ՝ «Կան մարդիկ, որոնք համարում են, որ երջանիկ են ԱԺ-ի այս ընտրությամբ, պատկերով, հեռանկարով, բովանդակությամբ, ես այդ թվին չեմ պատկանում: Դուք ստացաք այն, ինչ ուզում եք: Հնարավոր է միայն արձագանքել, բարկանալ, բայց որեւէ հարց լուծել չի լինելու, այսինքն՝ Սովետական Միությունը վերադարձավ: Մենք սկզբունքի համար ենք վիճում, որովհետեւ որեւէ նշանակություն չունի՝ քանի՞ հանձնաժողովում կաս կամ չկաս: Այս վեճը միայն սկզբունքի համար է: Պատգամավոր Արսենյանը մտահոգություն ուներ, որ կրկնակի քվեարկություններ տեղի կունենան, Ռուստամյանը, որ օրակարգի հարցերը չեն քննարկվի, չեն քվեարկվի, հիմա սա երրորդ օրինակը: Մենք հասկանում ենք, որ քաղաքական ուժերի ներկայացվածության ձեւաչափի փոփոխությունը ենթադրում է, որ ինչ-որ մարդկանց պետք է նախագահի, նախագահի տեղակալի պաշտոն տալ»:

Նա նաեւ նշեց, որ մի պատգամավոր չի կարող մի քանի հանձնաժողովում լինել, քանի որ բոլորն էլ գիտեն, որ հանձնաժողովների նիստերը նույն օրն են լինում. «Անպայման պիտի փորձեք կարեք- ձեւեք, որ մի անճոռնի շոր ստացվի»:

Դավիթ Հարությունյանը ի պատասխան՝ նշեց, որ չգիտի մի խորհրդարան, որտեղ ընդդիմությունը հարց լուծի խորհրդարանում. «Ընդդիմությունը քննադատում է իշխանությանը, բայց հարց չի լուծում»:

Դա համարելով հակաօրինական որոշում՝ ՀՅԴ- հայտարարեց, որ չի մասնակցում քվեարկությանը, Վահան Հովհաննիսյանը դուրս եկավ ԱԺ նիստերի դահլիճից:

77 կողմով ընդունվեց որոշումը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031