Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի բացակայությունը ԱԺ անդրանիկ նիստից՝ քաղաքական ենթատեքստ չունի

Մայիս 31,2012 15:27

«ԲՀԿ-ն լինելու է խորհրդարանի ամենաակտիվ խմբակցություններից մեկը, եթե ոչ ամենաակտիվը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ անդրանիկ նիստից բացակայում էր: Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ ծանրաբեռնվածությունից է. «Քաղաքական որեւէ ենթատեքստ չկա: Երեկ պարոն Ծառուկյանը մեզ հետ հանդիպել է, շատ բարձր տրամադրությամբ, լավ աշխատանք է մաղթել խմբակցությանը եւ հորդորել է լինել ակտիվ, նախաձեռնող, հորդորել է բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կբխեն մեր ժողովրդի շահերից, որոնք կսպասարկեն մեր ժողովրդի շահը, միանալ՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է հեղինակել այդ նախաձեռնությունը: Իսկ այն նախաձեռնությունները, որտեղ մենք կտեսնենք խնդիրներ, որոնք համահունչ չեն մեր ծրագրերին, համահունչ չեն այն խոստումներին, որոնք տվել ենք մենք ժողովրդին, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կներկայացնի, բնականաբար, մենք այդ նախաձեռնությունները չենք քվեարկի: Եթե բերվեն նախաձեռնություններ, որոնց կատեգորիկ դեմ ենք, բնականաբար քննադատություններ կլինեն կատեգորիկ, իսկ եթե ոչ՝ ոչ, չկանխատեսենք պրոցեսներ, որոնք այս պահին հնարավոր չէ կանխատեսել»:

Հարցին՝ տեսակետներ կան, որ ԲՀԿ-ն չի կարող իրական ընդդիմության դաշտում աշխատել՝ հաշվի առնելով նաեւ այն բիզնես ներկայացվածություն, եւ կա՞ այսպես ասած ստվերային պայմանավորվածություն ԲՀԿ-ՀՀԿ-ի միջեւ՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն որեւէ մեկի հետ որեւէ պայմանավորվածություններ չի ունեցել, չունի եւ չի էլ ունենալու: Իր հայտարարության մեջ պարոն Ծառուկյանը շատ սպառիչ ասել է, թե որ դաշտում է աշխատելու, որին ավելացնելու բան ես չոււնեմ: Կաշխատենք՝ կտեսնենք: Որեւէ մեկը ԲՀԿ-ի՝ խորհրդարանական աշխատանքից դժգոհ չի լինելու, ես վստահ եմ, որ մեր աշխատանքից միանշանակ գոհ է լինելու ժողովուրդը, ինչը մեզ համար ամենակարեւոր գնահատականն է»:

Տեսակետ էր եղել, որ դուրս գալով կոալիցիայից՝ ԲՀԿ-ն չի կարողանա իրականացնել իր նախընտրական  ծրագրերը: Ն. Զոհրաբյանն այս առնչությամբ ասաց. «Ինչքան որ կկարողանանք, ինչքան որ կներեն մեր ռեսուրսները օրենսդրական դաշտում, օրենսդրական փոփոխությունների շրջանակում մենք կփորձենք իրականացնել»:

ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հետ հնարավոր համագործակցության հետ կապված նա նշեց, որ այս պահին քննարկումներ չկան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031