Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մաշտոցի պողոտայի «փակ» շուկայի հետ կապված ապօրինություններին՝ ասաց, որպես հին Երեւանցի, որը շուրջ 75 տարի աչքի առաջ տեսել է այդ շուկան՝ այժմ իր համար ցավալի է, որ տեսնում է դրա ավերումը:
«Անկախ նրանից, թե ինչ են դարձնելու «փակ» շուկան, չպետք է այն ավերել: Ասացին, որ էն Լֆիկ է, ինչ է, դա է անում այդ ամենը՝ «փակ» շուկան դարձնելով «Երեւան սիթի»: Լավ, ինչքա՞ն կարելի է Երեւանում «Երեւան սիթի» կառուցել: Ինձ, որպես քանդակագործ, մտահոգում է հետեւյալը. շուկայի ամբողջ ճակատի ֆասադային մասը չուգունից ձուլված քանդակային ռելիեֆներ էր՝ մրգերի, բույսերի տեսքով, ուր կորան դրանք: Այդտեղ հազար ու մի հարցեր կան, որ չպետք է փոփոխվեր: Սիրտս ցավում է: Եթե շուկան ճաքեր ուներ, քանդվում էր, կարելի էր նորոգել, ոչ թե այն հիմնովին քանդել»,- ասաց Թոքմաջյանն ու հավելեց, որ միանում է «Փրկենք Փակ շուկան» նախաձեռնությանը:
«Եթե ձեռքումս հնարավորություն լիներ, թույլ չէի տա քանդել այդ ճարտարապետական գեղեցիկ կառույցը, մանավանդ որ՝ քաղաքային իշխանությունները, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նմանատիպ թույլտվություն չեն տվել»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև