«Յուրաքանչյուր ժամանակաշրջան երեխային հասկանալու իր պահանջներն է թելադրում: Ամեն երեխա իր ժամանակի սպունգն է՝ կլանում է տեսածն ու լսածը, իսկ եթե վատ բան է «ներծծել», ուրեմն միջավայրն է անկիրթ: Օրինակ՝ հեռուստատեսությունն անկիրթ հյուրի պես ներխուժում է մեր տները, դպրոցի կրթությունն էլ թերի է: Հետեւաբար, երեխան մեղավոր չէ: Ներկա սերունդը ոչ անդաստիարակ է, ոչ էլ՝ փչացած»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Խոսելով Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններից՝ նա նշեց, որ ԱԺ-ում ստեղծվել էր բազմակուսակցական աշխատանքային խումբ, որի գործունեությունն ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը. «Կարծում եմ, որ այդ գործընթացը կշարունակվի նաեւ 5-րդ գումարման Ազգային ժողովում: Բացի այդ, սոցապ նախարարությունում գոյություն ունի երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով, որը տարին 4 անգամ պետք է նիստ հրավիրի եւ քննարկի խնդիրները, բայց անցյալ տարի հրավիրվել է ընդամենը մեկ նիստ: Այդ հանձնաժողովը չի ծառայում իր նպատակին»:
Անահիտ Բախշյանի խոսքով՝ առավել շատ տարածված են երեխաների հանդեպ ընտանեկան բռնությունները, որոնք գրեթե չեն պատժվում:
Հարցի շուրջ «Արևածաղիկ» ամսաթերթի գլխավոր խմբագիր Զարուհի Բաթոյանը նշեց, որ երեխաների իրավունքները չիրացնելն արդեն իսկ դրանց խախտում է. «Միայն երեխային ծեծելը չէ իրավունքի խախտում: Նրանց շատ հնարավորություններ են տրված, որոնք չեն իրացվում, օրինակ՝ կրթության իրավունքը: Ընդհանրապես, երեխաների իրավունքների պաշտպանությունը գերխնդիր պետք է լինի»:
Կարդացեք նաև
Տիկին Բախշյանը հավելեց, որ չի իրացվում հատկապես հաշմանդամ երեխաների կրթության իրավունքը. «Շուտով ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաշվետվություն է հրապարակելու այն մասին, թե հաշմանդամ երեխաների քանի տոկոսն է դպրոց գնում: Երբ ծնողը մտածում է, թե իր հաշմանդամ երեխան ընդունակ չէ սովորելու, դա նույնպես բռնության դրսեւորում է»:
Բաթոյանի խոսքով՝ երեխաների եւ ընտանիքների խնդիրները նվազեցնելու համար անհրաժեշտ է համայնքներում ստեղծել ցերեկային եւ գիշերային խնամքի կենտրոններ. «Բացի դրանից, երեխաները պետք է մասնակցեն տարբեր ստեղծագործական խմբակների: Երբ ազատ ստեղծագործելու եւ արտահայտվելու իրավունք ես տալիս, արթնանում է նրանց քաղաքացիական գիտակցությունը, սկսում են հանդես գալ խնդիրների լուծման առաջարկնելով: Բայց երեխաներին այդպիսի հնարավորություններ քիչ են տրվում»:
Թիվ 102 միջնակարգ դպրոցում դեռահաս աղջիկների ծեծկռտուքի կապակցությամբ Անահիտ Բախշյանը նշեց, որ անկախ արարքից, չպետք է մոռանալ նրանց անչափահաս լինելու մասին. «Մանավանդ, երբ իմացա, որ երեխաներից մեկը փորձել է ինքնասպան լինել: Ի՞նչ եք ուզում այդ երեխայից այն դեպքում, երբ կրթություն ստացած մեծահասակներն այլանդակություններ են անում: Քննարկեք երեւույթը, բայց այդ երեխաներին հանգիստ թողեք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ