Այսօր գումարվեց նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որին սակայն որպես պատգամավոր չէր մասնակցում 2009-2010 թվականներին ամենաակտիվ ճանաչված պատգամավորը` գյումրեցի Հովհաննես Մարգարյանը:Այս թվականներին անցկացված մոնիթորինգի արդյունքներով, վերոհիշյալ ՕԵԿ-ականը համարվել է ամենաշատ ընդունված օրենքների ու ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ ու համահեղինակ: Սակայն հիշեցնենք, որ Հովհաննես Մարգարյանն այս անգամ էլ մեծամասնական ընտրակարգով Աշոցքի, Ամասիայի գյուղերն ու Գյումրու կենտրոնն ընդգրկող թիվ 33 ընտրատարածքում դարձյալ պայքարի մեջ մտավ ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի հետ ու դարձյալ պարտվեց: Սակայն, երբ 2007 թվականին Հովհաննես Մարգարյանը մեծամասնական ընտրակարգով պարտվել էր ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին, ՕԵԿ ղեկավարը նրան համամասնական ցուցակով անցկացրեց խորհրդարան:
Այսօր Aravot.am-ը Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց, թե հիմա ի՞նչ պլաններ կան իր հետ կապված, ինչո՞վ է զբաղվելու` նրան պաշտոն կառաջարկե՞ն կառավարությունում, թե՞ մտադրություն կա դարձյալ խորհրդարան մտնելու: «Ես ընտրվել եմ կուսակցության փոխնախագահ և համակարգելու եմ կուսակցության 10 մարզային կառույցները , սա քաղաքական և կուսակցական լուրջ աշխատանք է, պատվաբեր աշխատանք, որի համար շնորհակալ եմ Արթուր Բաղդասարյանին: Բազմիցս ասել եմ, որ ՕԵԿ-ը իմ օջախն է , ես էլ ՕԵԿ-ի զինվորն եմ, իմ կուսակցությունը ինչ հանձնարարություն տա, որտեղ ինձ նպատակահարմար գտնի, ես պատրաստ եմ այդտեղ լինել : Չեմ բացառում, որ զուգահեռ զբաղվեմ նաև գիտամանկավարժական գործունեությամբ, դուք գիտեք, որ ես գիտությունների թեկնածու եմ: Ես իրոք չեմ կարող դուրս գալ քաղաքական դաշտից, քանի որ պարտականություններ ունեմ իմ ընտրողների առաջ: Շնորհակալ եմ այն 10 հազար ընտրողներին, որոնք առանց քոռ կոպեկի ինձ ձայն տվեցին, այն էլ պրոբլեմների մեջ թաղված Աշոցքի ու Ամասիայի հեռավոր գյուղերի բնակիչները ու գյումրեցիներ, ովքեր ամենամեծ վստահության քվեն տվեցին ինձ:Ես չեմ կարող չարաշահել նրանց վստահությունը», – ասաց Հովհաննես Մարգարյանը:
Իսկ թե կոնկրետ ո՞ր ոլորտում, գործադիրո՞ւմ , թե՞ օրենսդիրում կշարունակի իր գործունեությունը ստաժավոր պատգամավորը, դեռ հստակեցված չէ, ամենայն հավանականությամբ պարզ կդառնա առաջիկա 10 օրվա ընթացքում: Թեև նշենք, որ Գյումրիի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ հավաստիացնում են, որ նրան կտան Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի պաշտոնը :
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև