«Ազդակ» ակումբում այսօր հրավիրված ասուլիսը Հայաստանում մեծ արձագանք գտած «Անմեղ մեղավորները» ֆիլմի թեմայով էր: Մասնակցում էին ԱՄՆ-ում բնակություն հաստատած ու Հայաստանում մեծ ժողովրդականություն վայելող դերասանուհի Ալլա Թումանյանը, հաղորդավար, ֆիլմի պրոդյուսեր Արա Ղազարյանը, հնչյունային ռեժիսոր Հայկ Կոմանդյանը եւ գլխավոր դերակատարներից՝ Դավիթ Ավետիսյանը:
«Անմեղ մեղավորները» խաղարկային գեղարվեստական ֆիլմ է, որը «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվել է մայիսի 19-ից եւ հասցրել է սիրվել: Այն դավաճանության, սիրո, արտագաղթածների դժվար կյանքի, մարդկային փոխհարաբերությունների, հարուստների մասին է:
Պրոդյուսերը նշեց, որ ֆիլմի վրա աշխատել են 4 ամիս, ցանկացել են ստեղծել որակյալ գործ: Արա Ղազարյանը նաեւ հավելեց. «Մեղավորներ» սերիալը ինչ-ինչ պատճառներով կիսատ մնաց, ուստի որոշեցինք ավարտը սահմանափակել գեղարվեստական ֆիլմի տեսքով: Ֆիլմը Հայաստան բերվեց նրա համար, որպեսզի հայ «գլամուռ» մասսան տեսնի, որ մենք ԱՄՆ-ում միայն պոնչիկ չենք թխում, կամ քյաբաբ սարքում, այլ գործ ենք անում եւ որակյալ գործ, սակայն այդ մասսայի արձագանքը մեզ բնավ չի հետաքրքրում: Ֆիլմի վերաբերյալ բազմաթիվ ջերմ կարծիքներ ենք լսել»:
«Մենք ստեղծել ենք մեծ ու լավ թիմ, եւ աշխատում ենք հայերի անունը բարձր պահել ու օգուտ տալ հայրենիքին, ճիշտ է, ես ընտրել եմ ախմախ մասնագիտություն, բայց ունեմ մեծ պատասխանատվություն, քանի որ աշխատում եմ պրոֆեսիոնալ մարդկանց հետ: Սերիալը չպետք է լինի երկար, այն ձանձրացնում է, կարծես ամեն օրվա քննություն լինի, ինչը սարսափելի է: հետևաբար թող ստեղծվի գեղարվեստական ֆիլմ, որը կունենա սկիզբ և վերջ, կլինի որակյալ ու հեշտ դիտվող»,-ասաց Ալլա Թումանյանը:
Կարդացեք նաև
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ