«Ամստերդամ» կարաոկե-բար ակումբը փակվել է բնակիչների՝ տարիներ տեւած պայքարից հետո: Հանրապետության 67/1 հասցեում նախկինում գործող ակումբը մի քանի տարի, ամեն գիշեր, բնակիչների խոսքերով՝ վերածվում էր «ռազմի դաշտի»: Բանն այն է, որ կեսգիշերից հետո «Ամստերդամի» հարբած այցելուները, ինչպես ակումբի գովազդում է ասվում՝ «խելահեղ ռիթմերն» ու «վայելքների աշխարհը» տեղափոխում էին փողոց: Բնակիչների խոսքերով՝ «Ամեն օր ժամը 24.00-ից հետո ստիպված էինք լսել ակումբի հաճախորդների հայհոյանքներն ու գոռգոռոցները: Հատկապես ամռանն անտանելի էր լինում այդ ամենը, քանի որ գիշերները պատուհանները բաց են լինում, ու հենց քթներիս տակ էդ հարբած հաճախորդների լկտի հայհոյանքներն էին լսվում: Հաճախ լուսադեմին լսում էինք, թե ինչպես է «խաբված հայ ծիտիկը» նույնիսկ տղամարդկանց անհայտ ոճի հայհոյանքների տարափ լցնում իրեն «քցողների» վրա: Ու այս ամենը «վայելում էին» անչափահաս երեխաները, կանայք եւ ծերերը»:
Ակումբը 24-ժամյա աշխատանքի թույլտվություն ուներ, իսկ բնակիչների այն պահանջը, որ վերացվեն ակումբի հաճախորդների գիշերային խուլիգանությունները, ոստիկանությունը պարզաբանել էր, որ գիշերային հսկողություն է իրականացվում: Սակայն, ըստ բնակիչների, դա էլ չէր փրկում դրությունը. «Քանի որ «Ամստերդամի» հաճախորդներն էն կլասի մարդիկ էին ու այնպիսի բաներ էին իրենց թույլ տալիս, որ երբեմն ոստիկաններն էին անվտանգության կարիք ունենում»:
Արդեն մի քանի օր է՝ բնակիչները գլուխները հանգիստ բարձին են դնում, իսկ տարածքը հսկող ոստիկանները հանգիստ շունչ են քաշում. ակումբից հետք էլ չի մնացել, այն փակվել է, իսկ նույն տեղում առեւտրի կենտրոն է բացվելու:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ