Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Գեյերին հանդուրժել՝ նշանակում է հանդուրժել նաեւ կրիմինալին ու աղանդավորներին»

Մայիս 31,2012 13:29

Ասում է հոգեբան Աշոտ Հակոբյանը

Դաշնակցական Աշոտ Հակոբյանի կարծիքով՝ միասեռականները այսքան չէին ակտիվանա ու բազմազանություն կոչվող շքերթը չէին կազմակերպի, եթե հասարակությունն այդքան ուշադրություն չդարձներ նրանց, լրատվամիջոցներն էլ հաճախակի չլուսաբանեին իրականում գոյություն չունեցող նրանց խնդիրը:

«Շատ եմ ցավում, իրոք տոն տվեցինք նրանց, էստեղ պետք էին կշռադատված մոտեցում, հաշվարկված քայլեր, բայց ոչ էդպիսի բուռն հակազդեցություն, որովհետեւ բուռն հակազդելու դեպքում իրենց ազդեցությունը նորից կմեծանա: Ես հասկանում եմ այդ երիտասարդներին էլ, իրենց վիրավորված ազգային ինքնագիտակցությունն էլ, շատ գովելի է, ապրե՛ք տղեք, բայց գիտե՞ք, ձեր պայքարի ձեւը մեծացնում է այն երեւույթը, ինչի դեմ դուք պայքարում եք, այսինքն՝ ձեր պայքարը իրենց դարձնում է այդպիսին, իրենք դառնում են միավոր, ու կամաց-կամաց ստացվում է արժեք կամ կեղծ արժեք: Սկսում է մարմին ստանալ ու ամբողջական դառնալ, որովհետեւ դուք անընդհատ ազդեցություններ եք անում, եկեք թողնենք այդ հակազդեցությունների պահը, ճիշտ գնահատենք եւ ճիշտ տեղորոշենք, որպեսզի կարողանանք հնարավորինս մեզնից հեռու պահել»,- խորհուրդ է տալիս հոգեբանը: Նրա համոզմամբ՝ այս վիճակը մեզ պարտադրված է Արեւմուտքից, եւ նպատակն այն է, որ դիվիդենդներ շահեն, մեր ուշադրությունը շեղեն բուն պրոբլեմներից ու կառավարելի դարձնեն հայ հասարակությանը: Մասնագետի մեկնաբանմամբ՝ հայերը թեեւ շատ հանդուրժող են, սակայն բազմազանություն կոչվածը մշակութային երեւույթ չէ, մերձմշակութային է, իսկ դրա նկատմամբ հանդուրժողականություն պահանջելը աբսուրդ է: «Էդպես լինի՝ պիտի հանդուրժող լինենք նաեւ աղանդավորների, կրիմինալի ու գողական աշխարհի նկատմամբ, որը իր լեքսիկոնն ունի, իր հարաբերությունների ձեւը, վարքականոնը, օրենքները: Սրանք եւս մերձմշակութային երեւույթ են: Փառք ու պատիվ էն մարդուն, ով որոշել է ապրել գողական վարքականոնով, դա ի՛ր որոշումն է, ի՛ր ազատությունն է, բայց ինքը չի կարող պարտադրել հանդուրժողականություն իր նկատմամբ, իր վարքականոնի նկատմամբ: Եթե մարդը ընտրություն է կատարել, քավ լիցի, չեմ էլ դատապարտում, չի կարելի, որ դու քո ընտրությունը պարտադրես ինձ ու պահանջես հանդուրժողականություն քո մերձմշակույթի նկատմամբ, դու մշակութային երեւույթ չես, այլասերում ես, իսկ դա նշանակում է՝ այլից սերված: Այն, ինչ իմ ազգայինը չէ, իմ հասարակությանը չի պատկանում, դա այլասերված է, դրա անունը ինչ ուզում եք դրեք՝ սեքսուալ փոքրամասնություն, աղանդներ, ինչ ուզում եք՝ դրեք, ինքը մշակույթ չէ, հետեւաբար էստեղ խոսելով բազմազանության մասին՝ ուզում են մեր աչքին թոզ փչել»,- ասում է հոգեբանը: Ըստ նրա՝ Արեւմուտքը պարտադրում է հանդուրժողականություն՝ իրականում այդքան էլ լավ չհասկանալով այդ բառի իմաստը: «Այդ հասկացությունն այնքան է ծանրաբեռնվել, որ ըստ էության Արեւմուտքում էլ հիմա այդքան լավ չեն հասկանում, թե ինչ է նշանակում տոլերանդություն, որովհետեւ տոլերանդության վրա լցվեց էնքան բովանդակություն, որ նույն հասկացությունը իր մեջ հակադիր բեւեռներ է ներառում: Օրինակ՝ ասենք, բժշկագիտության մեջ տոլերանդությունը գնահատվում է որպես օրգանիզմի անընդունակություն, սա հիմնականում քննարկվում է օրգանների տրանսպլանտացիայի պարագայում, օրգանների պատվաստման խնդրի հետ է կապված, կամ ասենք՝ այս կամ այն ներմուծված հակամարմնի: Իմ օրգանիզմի իմունային համակարգը վաղ թե ուշ կհայտնաբերի պատվաստված օրգանը ու կպայքարի դրա դեմ՝ ոչնչացնելու, հեռացնելու համար, որովհետեւ խախտվել է իմ օրգանիզմի ամբողջականությունը: Հիմա, եթե իմ օրգանիզմը չի տեսնում ներմուծված օրգանը, հենց դա կոչվում է տոլերանդություն, այսինքն՝ ես անընդունակ եմ սինթեզելու հակագեն: Որպեսզի տրանսպլանտացիայի ժամանակ վիրահատությունը հաջող ընթանա, եւ նույնիսկ հաջող էլ որ չընթանա, ես ամբողջ կյանքում ստիպված եմ օգտագործել դեղորայք, որը իջեցնում է իմ իմունային շեմը, որպեսզի ես այդ օրգանը չտեսնեմ: Այսինքն՝ ստեղծում են տոլերանդություն, իսկ այս պարագայում հանդուրժողականությունը բացասական երեւույթ է, անընդունակություն է»,- մասնագիտորեն փորձեց բացատրել հոգեբանը:

Ըստ նրա՝ ազգային օրգանիզմի դեպքում նույն բանն է կատարվում. եթե առանց հաշվարկելու ինչ-որ արհեստական արժեք են պատվաստում, ապա վաղ թե ուշ ազգային օրգանիզմը հակազդելու ու ոչնչացնելու է այդ արժեքը, կամ ընդհակառակը՝ արժեքը կոչնչացնի ազգային օրգանիզմը. «Մենք միշտ սպառնալից ենք մոտեցել ազգապահպանության խնդրին, ես չեմ ասում՝ դրանք վատն են, դրանք ուղղակի իմը չեն, հարգելի արեւմտյան գործիչներ, հասկացեք, եւ չի կարելի հենց էնպես վերցնել ու անհաշվենկատորեն պարտադրել ինձ: Իսկ եթե այս ամենը գիտեք ու չարամտորեն եք անում, սպանում եք իմ ազգային օրգանիզմը»: Իսկ այսօր մեր ժողովուրդը, ըստ մասնագետի, գտնվում է «մասսայական պսիխոզ վիճակում, խոցելի է, հազար ու մի տեսակ խնդիրներ ունի՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական, եւ Արեւմուտքից պարտադրվող այս կասկածելի արժեքները անչափ վտանգավոր են»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031