Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչու է քանդվում Փակ շուկան

Մայիս 31,2012 13:25

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ, ճարտարապետ Սուրեն Մելիք-Քարամյանի ներկայացմամբ՝ Երեւանի Փակ շուկայի կոնստրուկցիաները գտնվում են անմխիթար վիճակում, եւ դրանք հնարավոր չէ պահպանել: Իսկ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ վստահեցնում է, որ անկախ կոնստրուկցիաների վթարայնության աստիճանից՝ հնարավոր է գտնել Փակ շուկայի տանիքը պահպանելու ելքը:

Սաշուր Քալաշյան- Հասկանալու համար խնդիրը, մենք պետք է խոսենք այն մասին, թե երբ սկսվեց այս ամենը: Դա սկսվեց այն ժամանակ, երբ խոսք անգամ չկար շենքի սեյսմիկ իրավիճակի մասին: Դա սկսվեց հունվարի տոնական օրերին, երբ, ինչպես եւ մայիսի 28-ի լույս գիշերը, որեւէ ատյան տեղյակ չէր՝ ոչ քաղաքապետարանը, ոչ հուշարձանների պահպանության վարչությունը, եւ էլի միայն հանրությունը բողոքի ձայն բարձրացրեց:

«Առավոտ»– Այսինքն՝ ստացվում է, որ կառուցապատողի մոտ կար տանիքը քանդելու միտում՝ անկախ այն բանից, թե որքանով է շենքը վթարային:

Ս. Քալաշյան- Այո: Այդ միտումը սեփականատիրոջ մոտ կար, նա իր խնդիրներն ուներ, եւ նրա մտքով չէր էլ անցնում, որ դրա համար պետք է թույլտվություն ստանար: Ցավոք, դա տարածված երեւույթ է: Ինչ վերաբերում է սեյսմիկ անվտանգության նկատառումներից ելնելով շենքը քանդելուն, ապա այդպիսի մոտեցման դեպքում ամբողջ Երեւանը պետք է քանդվի, քանի որ մայրաքաղաքում ոչ մի շենք չունի համապատասխան սեյսմակայունություն:

Սուրեն Մելիք-Քարամյան- Ես չեմ կիսում այդ մոտեցումը, դա հնարավոր է անել փուլային տարբերակով: Դա քաղաքաշինական մեծ, թանկ ծրագիր է, որը, սակայն, անհրաժեշտ է: Մենք ի վերջո կգանք նաեւ դրան: Ինչ վերաբերում է կոնկրետ շուկայի դեպքին, ապա ես, իհարկե, ողջունում եմ, որ մեր հասարակությունը արթնացել է եւ քաղաքացիական հետաքրքրություն է ցուցաբերում իր մշակութային ժառանգության հանդեպ, սակայն շատ դեպքերում դա դիլետանտական մակարդակի է, եւ այդ աղմկողների մեծ մասը երիտասարդներ են, ուսանողներ, որոնք ինչ-որ մեկի հրահրմամբ, ինչ-որ լոզունգների տակ ելույթներ են ունենում, որոնք ոչ մասնագիտական հարթությունում են:

«Առավոտ»- Իսկ ինչպե՞ս եք բացատրում այն, որ այդ քանդման կամ, ինչպես դուք եք ասում՝ ամրակայման աշխատանքները տեղի են ունենում տոնական օրերին եւ գիշերով:

Ս. Մելիք-Քարամյան– Դա բոլորիս ցավն է, բոլորս էլ դրանից անակնկալի եկանք: Դա տեղի ունեցավ երկրի համար շատ կարեւոր տոնի նախօրեին, երբ կառավարական բոլոր ատյանները զբաղված էին: Ուզում եմ նշել, որ արդեն իսկ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որն արտագնա նիստերի ընթացքում հարցը կուսումնասիրի: Արդեն իսկ վերցված է նմուշ՝ այդ Ձեր ասած քանդած մասից, բայց դա փլուզված է՝ եկեք ճիշտ անվանենք իրերը, որպեսզի լաբորատոր ուսումնասիրությունները ցույց տան:

«Առավոտ»– Բայց եթե լաբորատոր ուսումնասիրությունները դեռ ցույց չեն տվել, այդ դեպքում ինչպե՞ս եք պնդում, որ դա փլուզված է եւ ոչ թե քանդված:

Ս. Մելիք Քարամյան- Դա շատ մասնագիտական հարց է, որի պարզաբանումը ընդարձակ է:

«Առավոտ»- Իսկ մտավախություն չունե՞ք, որ մինչ դուք հանձնաժողով եք ստեղծում, հարցն ուսումնասիրում եւ եզրակացություններ տալիս, կառուցապատողը կարող է հերթական գիշերային «փլուզումն» անել եւ ավարտել իր գործը՝ վերջնականապես քանդելով այդ կամարները:

Ս. Մելիք Քարամյան– Ես կիսում եմ Ձեր մտահոգությունը, սակայն նշեմ, որ քաղաքապետարանը համապատասխան նորմատիվային փաստաթուղթ չի ներկայացրել շինարարին, այսինքն՝ հաստատված ճարտարապետաշինարարական առաջադրանք նա չունի, որով պետք է կատարվեր նախագիծ, որը պետք է անցներ մշակույթի նախարարության փորձաքննությունը, հաստատվեր քաղաքաշինական խորհրդի կողմից եւ նոր այդ հաստատված նախագծի հիման վրա ունենար շինարարական թույլտվություն: Այսօրվա դրությամբ, ես պաշտոնապես հայտարարում եմ, այդ առաջադրանքը քննարկման փուլում է, եւ կառուցապատողի ձեռքին փաստաթուղթ չկա, նրա մոտ ավելորդ շտապողականություն է առաջացել, եւ նա ինքնակամորեն փորձել է այդ վնասված մասերը ինչ-որ բան անել, որը փլուզվել է:

Ս. Քալաշյան– Այստեղ խնդիրն այն է, որ օրենքով ցանկացած հուշարձան՝ անկախ դրա նշանակությունից եւ սեփականատիրական իրավունքից, պետք է ունենա դրա պահպանության պայմանագիր՝ կնքված լիազոր մարմնի, այսինքն՝ մշակույթի նախարարության հետ: Եվ այդ պայմանագրում պետք է նշված լինեն սեփականատիրոջ իրավունքներն ու պարտականությունները, եւ այն, թե դրանց խախտման դեպքում սեփականատերն ինչ պատիժ է կրելու: Սակայն այսօր հազարավոր հուշարձաններից նման պայմանագիր ունեն 70-ից ոչ ավելին, այն էլ մեծ մասամբ՝ հոգեւոր կառույցներ են: Մնացածը չունեն այդպիսի պայմանագրեր, եւ դրանով մտահոգվողներ էլ չկան:

«Առավոտ»– Փակ շուկան եւս չունի պահպանության մասին պայմանագիր:

Ս. Քալաշյան– Ոչ, դրա համար էլ սեփականատերն իր բիզնեսից ելնելով՝ իր շահույթ ստանալու նպատակն է հետապնդում: Երեւի նա չգիտի էլ, որ պետք է այդպիսի պայմանագիր կնքի:

«Առավոտ»– Բայց չէ՞ որ կա համապատասխան ատյան, որը պարտավոր է «հիշեցնել» սեփականատիրոջը օրենքի պահանջի մասին:

Ս. Մելիք-Քարամյան- Դա մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալությունն է:

«Առավոտ»– Իսկ կոնկրետ շուկայի օրինակով, ի՞նչ կփոխվեր, եթե լիներ այդ պայմանագիրը:

Ս. Քալաշյան– Շատ պարզ բան՝ եթե լիներ այդ պայմանագիրը, որտեղ նշված լիներ նաեւ խախտման համար պատժի չափն ու ձեւը, այդ դեպքում սեփականատերը քայլ անելուց առաջ կմտածեր՝ արժե՞ գնալ այդ ապօրինությանը, թե՞ ոչ: Մինչդեռ այսօր պատժի չափն այն է, ինչը մեկ անգամ արդեն կիրառեցին՝ 200 հազար դրամ:

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Ճարտարապետների ԴԵՄ ԱՌ ԴԵՄ բանավեճն ամբողջությամբ 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031