Ի հեճուկս հոռետեսական եւ «անկումային» տրամադրությունների՝ պիտի ասեմ, որ 5-րդ գումարման Ազգային ժողովը, որն այսօր սկսում է իր աշխատանքը, բաղկացած է պատգամավորներից, որոնց կեսից ավելին ունակ է օրենսդիր աշխատանքի: Այսպիսիք են ՀԱԿ-ի (7 հոգի), ՕԵԿ-ի (6), ՀՅԴ-ի (5), «Ժառանգության» (5) խմբակցություններն ամբողջությամբ, անկախ պատգամավորները (2)՝ գումարած ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կեսից մի քիչ պակասը (համապատասխանաբար՝ մոտավորապես 30 եւ 20 հոգի): Ստացվում է 75 հոգի՝ անցած խորհրդարանում մտածող, կարդացող եւ օրենքների բովանդակությամբ շահագրգռված պատգամավորներն ավելի շատ չէին: Մնացածն, այո, «գործարար» ճահիճ է, որի ներկայացուցիչները ոչ միայն ընդունակ չեն որեւէ մտավոր աշխատանքի, այլեւ չեն կարող ընդդիմադիր լինել, որովհետեւ այդ դեպքում իսկույն «բերման կենթարկվեն» հարկային դաշտ, իսկ ամբողջությամբ այդ դաշտում չի կարող աշխատել Հայաստանի ոչ մի մասնավոր ընկերություն: Բայց հույսեր տածել, որ այս գումարման Ազգային ժողովը օրենքներ կընդունի, որոնց շնորհիվ ձեռնարկատերերը ստիպված չեն լինի աշխատել ստվերում կամ «կիսաստվերում»՝ նման լավատեսության հիմք չկա: Որովհետեւ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի «կարդացողներն» ու «մտածողները» պատգամավոր են դարձել չկարդացողների եւ չմտածողների փողերի շնորհիվ, իսկ վերջիններս ամենեւին էլ շահագրգռված չեն բանական հարկային օրենքների մեջ:
Այնպես որ՝ տնտեսական բարելավման առումով չափազանցված սպասելիքներ ունենալ այս գումարման խորհրդարանից՝ անիմաստ է: Մանավանդ որ՝ կառավարության «տնտեսական բլոկը», ըստ ամենայնի, մնալու է նույնը: Իսկ Տիգրան Սարգսյանի կառավարության ամենամեծ նվաճումը, ինչպես հայտնի է, այն է, որ «համաշխարհային ֆինանսատնտեսական խորը ճգնաժամի պայմաններում» այդ կառավարությունը «չի կրճատել ոչ մի սոցիալական ծրագիր»: Այսինքն՝ թոշակառուների 30 հազար դրամը չի դարձրել, ասենք, 28 հազար: Դա, հիրավի, սխրանք է, որը մեր թոշակառուները չեն մոռանա մինչեւ իրենց կյանքի վերջը: Այս խորհրդարանը կձեւավորի ահա այսպիսի կառավարություն՝ նման «նվաճումներով», եւ, հետեւաբար, այս ոլորտում որեւէ առաջընթաց չի սպասվում:
Փոխարենը՝ քաղաքական համակարգի, խոսքի ազատության զարգացման, ընտրական գործընթացի կատարելագործման ուղղությամբ ներկայիս խորհրդարանը կարող է որոշակի քայլեր անել՝ մանավանդ, որ այստեղ, կարծես թե, կա հասարակական պահանջներին ընդառաջ գնալու ցանկություն: Մասնավորապես, պետք է փոխվեն Հեռուստատեսության եւ ռադիոյին, ինչպես նաեւ թվայնացմանը վերաբերող օրենքները: Իհարկե, անհրաժեշտ է փոխել նաեւ Ընտրական օրենսգիրքը՝ ավելացնելով ողջ ընտրական գործընթացի պարտադիր նկարահանումը, ընտրողների ցուցակների հրապարակումը եւ արտասահմանում ապրող մեր քաղաքացիների քվեարկությունը: Այսինքն՝ ընդդիմությունն, իմ կարծիքով, պետք է իր առաջ դնի իրատեսական նպատակներ, ոչ թե «բռնացնի» ինչ-որ գլոբալ հարցերից, որոնք, միեւնույն է, չեն լուծվելու:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ