Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրեական գործով հաջորդ դատական նիստը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ նշանակվել է հունիսի 13-ին: Վ.Գասպարին մեղադրվում է անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության շենքի մոտ խաղաղ ցույցի ժամանակ «հանրության հանգիստը խանգարելու»՝ խուլիգանության համար:
Մայիսի 29-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերման էին ենթարկվել 2 վկաներ: Հիշեցնենք, որ մի քանի դատական նիստեր հետաձգվել էին հիշյալ վկաների դատարան չներկայանալու պատճառով: Առաջին վկան 50-ամյա Ստեփան Բաբայանը, նախ, հայտնեց, որ տառապում է քաղցկեղով եւ դատարան գալ, ցուցմունք տալն արդեն նեղություն է իրեն համար, իսկ «Վարդգես Գասպարիի իրեն ուղղած հարցերն արդեն անհանգստացնում, ներվայնացնում են իրեն», եւ որ ինքը ցանկանում է գնա, հեռանա դատարանից:
Դատավորը թույլ տվեց վկան նստի, հանգստանա , բայց եւ նրան զգուշացրեց, որ նա պարտավոր է պատասխանել հարցերին: Ս. Բաբայանը ցուցմունքում հայտնել է, որ 200 մետր հեռու է եղել դեպքի վայրից եւ որեւ բան չի տեսել , առավել եւս , որ տեսողության խնդիր ունի: Այս ցուցմունքը տարբերվում էր նախաքննության ժամանակ տրվածից: Նա դատարանում հայտնեց. «Քննչականում էլ ինձ ստիպում էին , թե ո՞նց չես տեսել, ո՞նց չես լսել»: Իսկ հարցին, թե ո՞վ էր ստիպում, նա պատասխանեց՝ Լյուդվիգ Բախշյանը, հաջորդ վկան, ով իր գրավոր ցուցմունքի եւ վկայության համաձայն՝ դեպքի օրը անձնական գործով եկել էր Կառավարության ընդունելության բաժին դիմում ներկայացնելու համար:
Կարդացեք նաև
Մասիսի բնակիչ 74- ամյա Լ. Բախշյանի հարցաքննությունը վերածվեց Գասպարիի հետ բանավեճի: Գասպարին վկային «հուշեց», որ ինքը «վկայի ընկերը չէ» եւ վկան իրեն «ընկեր» չանվանի, նաեւ վկայից պահանջեց , որ նա իրեն դիմի ոչ թե եզակի դեմքով, այլ՝ ավելի քաղաքավարի՝ հոգնակի դեմքով, ինչից վրդովվեց վկան` ասելով, որ ինքը կարտահայտվի ըստ իր ցանկության եւ հայեցողության: Այս ամենը տեղի էր ունենում դատավորի, մեղադրողի աչքի առաջ, ուստի Գասպարին հայտարարեց, որ չի հանդուրժում այդպիսի անհարգալից վերաբերմունքը, դադարեցնում է վկայի հարցաքննությունը եւ որպես բողոք մեջքով է կանգնում դատարանի առջեւ: Դատավորը վկայի եւ Գասպարիի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ հայտարարելով ընդմիջում: Ընդմիջումից հետո պաշտպան` Ռոբերը Ռեւազյանը միջնորդություն ներկայացրեց , նշելով.«Վկան գիտակցաբար անհարգալից վերաբերմունք է դրսեւորում ոչ միայն Գասպարիի, այլ նաեւ հենց դատարանի նկատմամբ» եւ պահանջեց, որ դատարանը վկայի նկատմամբ կիրառի ավելի խիստ սանկցիաներ: Դատավորն այդ մասին եւս մեկ անգամ զգուշացրեց վկային, որից հետո վկան սկսեց այլեւս հարգալից պատասխանել Գասպարիի հարցերին:
Վկա Լ. Բախշյանն իր ցուցմունքում ընդգծված արտահայտում էր իր հակակրանքը Գասպարիի եւ դեպքի օրը ցույցի մասնակցող «Բանակն իրականում» նախաձեռնության մյուս մասնակիցների նկատմամբ, մասնավորապես նշելով. «Նրանք ստից մի նկար պատի տակից վերցնում կանգնում են Կառավարության դեմը, բողոքում են»: Իսկ դատավորի հարցին թե արդյոք , ցուցարարների մեջ իրեն որեւէ ծանոթ մեկի տեսե՞լ է՝ վկան վիրավորական ածականներով նշեց պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի անունը:
Այս վկայի ցուցմունքի մասին պաշտպանական կողմը հանդես եկավ հայտարարությամբ եւ պահանջեց Լ. Բախշյանի վկայությունը համարել անարժանահավատ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ