Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում դեռահասների 8%-ը կայուն ծխող է

Մայիս 31,2012 11:54

Հանրապետության բոլոր մարզերում 2010թ. կատարած համազգային հետազոտության տվյալներով՝ մինչեւ 15 տարեկան հարցված տղաները վստահեցրել են, որ ամեն օր ծխում են: Այս մասին Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով այսօր, «Ուրբաթ» ակումբում ասաց «Արաբկիր» բժշկական համալիրին կից դեռահասների եւ երեխաների առողջության ինստիտուտի տնօրեն, մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը: Նրա վստահեցմամբ, նույն հարցման տվյալներով՝ դեռահաս աղջիկների 0,6%-ն է ամեն օր ծխում:

Պարոն Սարգսյանի խոսքերով. «Եթե մայրը ծխում է, երեխան դեռ չծնված՝ զգում է ծխախոտի ազդեցությունը, եւ դեռ չծնված առողջական խնդիրներ է ձեռք բերում: Երեխայի առաջին իսկ օրվանից, մի շարք խնդիրների հետ մեկտեղ, թոքերի եւ շնչառական ուղիների հետ կապված խնդիրներ են առաջանում»: Ըստ մանկաբույժի, այն երեխաները, որոնց ընտանիքում ակտիվ ծխողներ կան, հետագայում հիվանդացության մակարդակը բարձր է լինում: Ասուլիսին ներկա «Առողջություն եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Պետրոսյանի խոսքերով՝ Հայաստանում ծխող աղջիկների թիվն այնքան էլ մեծ չէ՝ համեմատած Ռուսաստանի եւ Ուկրաինայի, որտեղ բացահայտ փողոցում ծխում են:

Պարոն Պետրոսյանի խոսքերով՝ այսօր սրճարաններում, բարերում, որտեղ կարելի է անկաշկանդ ծխել, հավաքվում են երիտասարդ կանայք եւ ստեղծվում է ֆոկուս խմբեր, ու տպավորություն է ստեղծվում, թե ծխող աղջիկները շատ են: Իսկ եթե հերթով դռները թակեն ու հարցում անեն, կպարզվի, որ ծխող աղջիկներն այնքան էլ շատ չեն: Երեւույթի վտանգավորությունը նրանում է, որ դպրոցն ավարտելով եւ բուհ ընդունվելուց հետո աղջիկները սկսում են ծխել՝ իրենց անկախությունն ու ինքնուրույնությունը ցույց տալու համար: Դավիթ Պետրոսյանը մեկ առաջարկ արեց՝ ծխախոտի դեմ պայքարը վերանվանել ծխելու դեմ վերահսկողություն, քանի որ պայքար բառը ավելի բացասական ազդեցություն է թողնում: Մանկաբույժ Սերգեյ Սարգսյանն էլ ավելացրեց. «Կարեւոր է գիտակցեն, որ ծխողը դառնում է ծխախոտի եւ ծխախոտ արտադրողի ստրուկը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031