Լրահոս
Օրվա լրահոսը

Այս խորհրդարանի գործունեությունն անցնելու է նախագահական առաջիկա ընտրությունների «նշանի ներքո»

Մայիս 31,2012 11:43

Ամենից առաջ նկատենք, որ ինչքան էլ ՀՀԿ-ն, որպես իշխող ուժ, բարելավել է իր դիրքերը նախկինի համեմատ, մեծաքանակ ընդդիմադիր խմբակցության պարագան, գումարած՝ մյուս ընդդիմադիր ուժերի հետ, պետք է որ էապես սահմանափակի կառավարության ներկայացրած օրինագծերը «մեխանիկորեն» ընդունելու հնարավորությունը։
Այլ կերպ ասած, նման ազդեցության պայմաններում Ազգային ժողովը գրեթե կդադարի «դակիչ մարմին» լինել գործադիր իշխանության համար։ Անհրաժեշտ կլինի ամեն մի կարեւոր օրինագծի, ամեն մի նախագծի, այս կամ այն ձեւակերպման ընդունման համար լրջորեն պայքարել, խորությամբ ուսումնասիրել խնդիրները, լրացուցիչ փաստարկներ ու բազմակողմանի հիմնավորումներ բերել։ Իսկ այդ ամենը, ի վերջո, դրական ազդեցություն կթողնի ընդունվող օրենքների որակական կողմի վրա։
Ճիշտ է, իշխող ուժն ունի մեծամասնություն եւ կարող է «անցկացնել» ներկայացված այս կամ այն օրինագիծը։ Բայց, մյուս կողմից, այն դեպքերում, երբ որոշումը պետք է ընդունել պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի «կողմ» քվեարկությամբ (87 կամ 88 ձայն), իշխանությունը հարկադրված կլինի աշխատել, ընդհանուր եզրեր գտնել ընդդիմադիր գործընկերների հետ։ Սա այնպիսի մի իրողություն է, որի «պլյուս» կամ «մինուս» լինելը կախված է կոնկրետ հանգամանքից։
Հասկանալի է նաեւ, որ այս Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր ուժերը, կախված հանգամանքներից, դիպվածային կամ երկարաժամկետ կհամագործակցեն միմյանց հետ։ Դեռ նախորդ ԱԺ-ից նման համագործակցության փորձ ունեն ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը»։ Չնայած ներկայիս «Ժառանգության» կազմը միանգամայն այլ է, նկատի առնելով «ազատդեմոկրատացած» ՀՀՇ-ականների առկայությունն այնտեղ։
Մյուս կողմից, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը համագործակցության որոշակի փորձ կուտակեցին այսպես կոչված «միասնական շտաբում»։ Ու թեպետ ՀԱԿ-ի տարբեր ներկայացուցիչներ, ուշ արթնացածի վիճակով, սկսել են ԲՀԿ-ին մեղադրել ընտրակաշառք բաժանելու մեջ, երեւի շփման որոշ եզրեր խորհրդարանում կկարողանան գտնել։
Համագործակցության պարագան հետաքրքրական է նաեւ այն տեսանկյունից, որ իշխանության մեջ չմտնող ուժերը այդպես կարող են ավելի արդյունավետ իրականացնել կառավարության գործունեությունը վերահսկելու իրենց գործառույթը։ Սա եւս լրացուցիչ ու տարբերակող նրբերանգ է հավելում նոր խորհրդարանի առայժմ ուրվագծային նկարագրին։
Եվ ընդհանրապես, առկա պատկերը թույլ է տալիս հուսալ, որ քաղաքական պայքարը կծավալվի լուրջ մրցակցային միջավայրում, ինչը նույնպես կարելի է դասել «պլյուսների» շարքը։
Ի դեպ, չնայած ԱԺ-ում ներկայացված է 6 խմբակցություն, բայց քաղաքական գունավորման առումով ներկապնակն առավել երփներանգ է. առանձին քաղաքական գործիչներ են ներգրավված ինչպես ՀՀԿ-ի (Ա.Գեղամյան, Խ.Հարությունյան, Հ.Բաբուխանյան եւ այլն), այնպես էլ «Ժառանգության» ու ՀԱԿ-ի կազմերում։
Նկատենք, որ այս խորհրդարանի կազմն ուշագրավ է նաեւ այլ տեսանկյունից։ ԱԺ պատգամավոր են միանգամից 3 նախկին ԱԳ նախարար. Ր.Հովհաննիսյան, Ա.Արզումանյան եւ Վ.Օսկանյան, ինչպես նաեւ՝ 2 նախկին վարչապետ. Խ.Հարությունյան եւ Հ.Բագրատյան։
Պարզ է, որ այս խորհրդարանի գործունեությունը, աշնանային նստաշրջանից սկսյալ, անցնելու է նախագահական առաջիկա ընտրությունների «նշանի ներքո»։ Այս հանգամանքը հատկապես կնկատվի թե՛ Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծեր ներկայացնելու, թե՛ հաջորդ տարվա բյուջեի մասին օրենքի նախագծի, թե՛ ցանկացած այլ՝ քիչ թե՛ շատ նշանակալի որեւէ օրինագծի քննարկումների ժամանակ։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031