Պարույր Հայրիկյանը հայտարարել է, թե առաջադրելու է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, եւ այդ դեպքում մյուս թեկնածուները կամաչեն, «իսկ իրենց երեխաները կասեն՝ հայրիկ կամ պապիկ, դու չէի՞ր իմանում, որ այդ մարդը Հայաստանի անկախության հիմնադիրն է, ինչո՞ւ էիր առաջադրվում նրա դեմ»:
«ՉԻ»- Մեզանում իսկապես էլ տեսակետ կա, որ Հայաստանի անկախության հիմնադիրը Պարույր Հայրիկյանն է: Ավելին՝ այդ տեսակետի միակ կրողը նույնպես Պարույր Հայրիկյանն է: Բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ փաստորեն ութ ամիս անց նախագահի բոլոր թեկնածուներն ամոթից գետինն են մտնելու: Այդօրինակ ողբերգությունից խուսափելու համար առաջարկում ենք ՀՀ Սահմանադրության մեջ փոքրիկ մի փոփոխություն իրականացնել եւ օրենսդրորեն ամրագրել, որ Հայաստանում հինգ տարին մեկ տեղի են ունենում նախագահական ընտրություններ՝ եթե Պարույր Հայրիկյանը չի առաջադրվում, իսկ եթե առաջադրվում է՝ մեխանիկորեն համարվում է նախագահ (մրցակիցների ամոթահար լինելու պատճառով): Կարծում ենք՝ այդպես ավելի արդարացի կլինի:
«Չորրորդ ինքնիշխանություն»