Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վերստին հավատաց եւ փոխեց Սամվել Նիկոյանին

Մայիս 31,2012 10:58

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի՝ արդեն ավանդական դարձած երեկվա գիշերային նիստում վերջապես հստակեցվեցին Ազգային ժողովում առանցքային պաշտոնների բաշխման հարցերը։ Պարզ դարձավ, որ ՀՀԿ-ի՝ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսն առնվազն Հովիկ Աբրահամյանի մասով իրագործվեց։ Անցած աշնանը ԲՀԿ-ի հետ «խաղեր տալու» արդյունքում ՀՀԿ ղեկավարի մոտ վստահությունը կորցրած Հովիկ Աբրահամյանը պաշտոնաթողությանը հետեւած ամիսներին կարողացավ այնպես անել, որ Սերժ Սարգսյանը նրան վերստին հավատաց եւ փոխեց Սամվել Նիկոյանին։ Իհարկե, այստեղ խնդիրը միայն Սարգսյանի հավատալը չէ. բանն այն է, որ Աբրահամյանը նախկինում էլ բավականին ազդեցիկ դերակատարություն էր ձեռք բերել՝ շնորհիվ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած խնամիական կապերի։ Հենց Աբրահամյանին էր վերապահված վիճահարույց հարցերի դեպքում ՀՀԿ եւ ԲՀԿ առաջնորդների միջեւ «միջնորդական առաքելության» իրականացումը, ինչն Աբրահամյանն անում էր՝ հնարավորինս մեծ դիվիդենտներ քաղելով թե՛ այս, թե՛ այն կողմից։ Իսկ քանի որ ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելուց հետո երկու ազդեցիկ ուժերի միջեւ վիճահարույց հարցերը շատանալու են, Հ. Աբրահամյանի ազդեցությունը եւս մեծանալու է։ Ակնհայտ է, որ արդեն իսկ խորհրդարանական ինտրիգների ու ստորջրյա զարգացումների ուղղորդման փորձ ունեցող Արգամիչից լավ ոչ ոք չի կարողանա կառավարել ԱԺ «խիստ կառուցողական» եւ ոչ այնքան կառուցողական ընդդիմադիր հատվածին։ Ուստի Սերժ Սարգսյանի որոշումը միանգամայն սպասելի էր։ Այլ բան է, որ այդպիսով կարծես թե, նկատելիորեն խարխլվում են այն շրջանակների դիրքերը, որոնց անմիջական ուղղորդմամբ էլ Հովիկ Աբրահամյանը ստիպված եղավ կայացնել ԱԺ նախագահի պաշտոնից հեռանալու որոշումն ու աշխատել իր տեղակալի վերահսկողության ներքո։ Ի դեպ, այդ նույն շրջանակի համար գալիք Ազգային ժողովում եւս մի քանի տհաճ անակնկալներ եղան՝ ի դեմս Գագիկ Բեգլարյանի եւ Կարեն Կարապետյանի, որոնց հետ կապված՝ չի բացառվում, որ առաջիկայում լինեն նաեւ այլ զարգացումներ։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031