2008-ի մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ «Մարտի 1» հասարակական կազմակերպության նախագահ Ալլա Հովհաննիսյանը, երեկ եղել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին ուղղված իր նամակը հանձնելու նպատակով:
Արդեն տեղեկացրել ենք, որ դեպի յոթ երկրներ այսօրվանից մեկնարկող պաշտոնական այցերի շրջանակներում Քլինթոնը հունիսի 4-ին լինելու է նաեւ Հայաստանում։ Մեր երկիր այցի ընթացքում, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունը, նախատեսվում են հանդիպումներ Սերժ Սարգսյանի, բարձրաստիճան պաշտոնյաների, նաեւ քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների հետ։ Հենց այդ առիթից օգտվելով էլ՝ Ալլա Հովհաննիսյանը իր նամակում խնդրել է հանդիպում նախատեսել նաեւ իր ղեկավարած հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ ընդգծելով, որ ցանկանում է ներկայացնել Մարտի 1-ի դեպքերի բացահայտման վերաբերյալ որոշ նկատառումներ։ ԱՄՆ դեսպանատան ընդունարանի աշխատակիցները սկզբում չեն ցանկացել վերցնել տիկին Հովհաննիսյանի նամակը՝ պատճառաբանելով, թե իրենք Քլինթոնին վերաբերող որեւէ նամակ չեն կարող ընդունել, սակայն, երբ տիկին Հովհաննիսյանը պնդել է, որ դա ուղղված է նաեւ դեսպան Հեֆֆերնին, աշխատակիցները նամակը գրանցել են հատուկ դրանց համար նախատեսված գրանցամատյանում եւ խոստացել՝ փոխանցել դեսպանին։
Ստորեւ ներկայացնում ենք Քլինթոնին (պատճենը՝ Ջոն Հեֆֆերնին) ուղղված նամակը. «Մեծարգո տիկին Քլինթոն, 2008թ. մարտի 1-ին հետընտրական խաղաղ հանրահավաքների ժամանակ իշխանությունները հրահանգեցին ուժային կառույցների ներկայացուցիչներին՝ կրակ բացել խաղաղ ցուցարարների վրա, որի արդյունքում զոհվեցին մեր որդիները՝ առնվազն 10 մարդ։ Այս 4 ու ավել տարիների ընթացքում հանցագործությունները բացահայտված չեն, որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել այդ ապօրինի հրամանը արձակելու կամ հրամանը կատարելու համար։ Իշխանությունները արել եւ անում են ամեն ինչ՝ դեպքերի բացահայտումը կոծկելու եւ մարդասպաններին պարտակելու համար։ Մարտի 1-ի ոճրագործությունը կոծկելու, աղավաղելու, վկաներին լռեցնելու գործում ակտիվ դերակատարություն ունեն պետական իրավապահ մարմինները՝ Հատուկ քննչական ծառայությունը եւ դատախազությունը։ Չնայած միջազգային կառույցների եւ, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունած համապատասխան բանաձեւերին, Եվրոպական միության հանձնարարականներին, Հայաստանի իշխանությունները որեւէ քայլ չեն կատարել Հայաստանի ժողովրդի եւ միջազգային հանրության պահանջների՝ մասնավորապես սպանությունների բացահայտման ուղղությամբ, ավելին, մեր որդիներին սպանած մարդիկ մինչ օրս աշխատում են ոստիկանական համակարգում։ Չնայած 2011թ. ապրիլին նախագահ Ս. Սարգսյանի հայտարարություններին՝ Մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը նոր թափ հաղորդելու վերաբերյալ, իրականում ամեն ինչ արվում է Մարտի 1-ի էջը փակելու համար։ Լրատվամիջոցներից տեղեկացանք, որ հունիսի 4-ին Ձեր այցելության ընթացքում տեղի է ունենալու հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այս հանդիպման շրջանակներում խնդրում ենք նախատեսել հանդիպում «Մարտի 1» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։
Հարգանքով՝ «Մարտի 1» հասարակական կազմակերպության նախագահ Ալլա Հովհաննիսյան»:
Կարդացեք նաև
«Հայկական ժամանակ»