Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԱՆ-ը հայտարարում է լայնածավալ ահաբեկչության կանխման մասին

Մայիս 31,2012 10:42

Հրավառություն Բաքվի Crystall Hall համալիրում` «Եվրատեսիլ»-ի եզրափակիչի ընթացքում, 26-ը մայիսի, 2012թ.

«Ադրբեջանցի իսլամիստները ծրագրում էին տապալել «Եվրատեսիլ – 2012» մրցույթի եզրափակիչը` այն դարձնելով ահաբեկչական հարձակման թիրախ»: Չորեքշաբթի օրը նման հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) հանրային կապերի կենտրոնը` պնդելով, թե իրավապահները, իրացնելով օպերատիվ տեղեկատվությունը, մրցույթին նախորդած ամիսներին կարողացել են ջախջախել երկրի տարբեր շրջաններում գործող իսլամիստական զինված խմբավորումներին:

Ապրիլի 6-ին ադրբեջանցի հատուկ ջոկատայինները Գյանջայում մարտի մեջ մտան զինված իսլամիստների հետ` տալով մեկ զոհ: Դրանից հինգ օր անց ծայրահեղական «Վահաբի» կրոնական շարժման երկու անդամներ ձերբակալվեցին Խաչմասի շրջանում:

«Ահաբեկչական խմբավորման վնասազերծման գործողությունները իրականացվել են երկրի 10 շրջաններում, այդ թվում` Բաքվում, Սումգայիթում, Ռուսաստանին սահմանակից տարածքներում եւ Ղազախի շրջանում: Այդ գործողությունների արդյունքում 40 մարդ է ձերբակալվել», – հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:

Իրավապահները պնդում են, որ իսլամիստների առաջնորդները դեռ 2011-ի փետրվարին` Դաղստանում կայացած «Ամիրների խորհրդի» հավաքի ընթացքում, որոշել են սրբազան պատերազմ` «ջիհադ» հայտարարել Ադրբեջանի իշխանություններին:

Հիմնական թիրախն էլ, ըստ իրավապահների, հենց «Եվրատեսիլ»-ն էր, որի եզրափակչի օրը` մայիսի 26-ը, եթե հավատանք Ադրբեջանի անվտանգության նախարարությանը, պետք է վերածվեր տեղական «Սեպտեմբերի 11»-ի:

Ադրբեջանական կողմը պնդում է, թե տեղացի վահաբիտներից մեկը պետք է մայիսի 26-ին մուտք գործեր Crystal Hall համերգասրահ եւ համերգի ժամանակ այնտեղ ռումբ պայթեցներ: Նույն ժամերին ավտոմեքենաներ պետք է պայթեցվեին Բաքվի երկու խոշորագույն հյուրանոցների` Marriott Absheron-ի  եւ Hilton-ի հարեւանությամբ: Ահաբեկիչների թիրախն էր լինելու նաեւ Պետական դրոշի հրապարակը:

«Բազմազգ հանցավոր խմբավորման նպատակն էր երկրում քաոսային իրավիճակ ստեղծել` հակամարտություն հրահրելով Ադրբեջանի քաղաքացիների միջեւ` կրոնական եւ ազգամիջյան հողի վրա», – հայտարարում են ադրբեջանցի իրավապահները` հատուկ նշելով, թե իսլամիստական ընդհատակի վնասազերծման մասին ավելի վաղ չեն հայտնել հանրությանը` չցանկանալով ստվերել «Եվրատեսիլ» մրցույթի անցկացումը:

«Ադրբեջանի քաղաքացիների եւ երկրի հյուրերի շրջանում անհանգստություն չառաջացնելու, վախի մթնոլորտի ձեւավորումից խուսափելու, ինչպես նաեւ «Եվրատեսիլ» մրցույթը բարձր մակարդակով եւ բարձր տրամադրությամբ անցկացնելու համար որոշում կայացվեց իրականացված գործողությունների մասին առժամանակ որեւէ տեղեկություն չհաղորդել հանրությանը», – նշված է Ադրբեջանի ԱԱՆ-ի հայտարարության մեջ:

Գեւորգ Ստամբոլցյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031