Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դիտորդները Սերժ Սարգսյանին զգուշացրել են, որ նախագահական ընտրություններին անակնկալի չգա

Մայիս 30,2012 22:59

«Ես հիանում եմ Դավիթ Հարությունյանի պահվածքով ու Խոսրով Հարությունյանի այդ բողոքական կեցվածքով: Իմ դուրը գալիս է: Ի՞նչ է պատահել ձեզ, որ հիմա այդ մարդկանց այս գնահատականն եք տալիս: Իրենք ասել են իրականությունը, իրենք ավելին չեն ասել, պակաս են ասել, օբյեկտիվորեն փորձել են իրենց ընդունած նորմերի շրջանակներում տալ այն, ինչ որ կա»,-  ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն այսպես արձագանքեց, երբ խնդրեցինք մեկնաբանել ԵԽԽՎ Բյուրոյի ժամանակավոր հանձնախմբի վերջին զեկույցը, որը կազմվել է ԵԽԽՎ պատգամավոր, բարոնուհի Էմմա Նիքոլսոնի գլխավորած դիտորդական առաքելության կողմից մայիսի 6-ին անցկացված դիտարկման հիման վրա:

Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ այդ զեկույցը եւ կոշտ գնահատականները Ձեր սրտո՞վ են՝ Վահագն Խաչատրյանն ի պատասխան՝ ծիծաղեց. «Սրտո՞վ: Ուղղակի զարմանալի է, որ ուշադրություն են դարձրել: Մի իրականություն կա՝ իրենք մեզ հետ հանդիպումների ժամանակ պարտաճանաչորեն  գրառում էին բոլոր այն դիտողությունները, որոնք մենք էինք տեսել, ու այն, ինչը որ իրենք էին տեսել, որոնց մասին մեզ հետ պարզ է՝ չէին կիսվել: Ընտրությունների օրը իրենցից ովքեր եղել են տեղամասերում,  ես էլ եմ առիթ ունեցել իրենց հետ հանդիպելու, խոսելու: Իրենք կոռեկտ էին եւ չէին փորձում հատկապես տեղամասում գնահատական տալ՝ կատարելով իրենց այդ օրվա պարտականությունը: Ամեն ինչից զգացվում էր, որ իրենք երանության մեջ չէին, որ եկել էին Հայաստան. տեղամասերում  լինել 10-12 ժամ, նստել այն աթոռներին, որտեղ 5 րոպեից ավելի հնարավոր չէր նստել՝ դպրոցական այդ անհարմար աթոռներին… Ընդհանրապես տեղամասերի անհարմարությունների մասին չեմ խոսում, որտեղ ընտրություն չէր կարելի համարել: Բայց մի բան էին իրենք ասում, համենայնդեպս, ինձ հետ հանդիպման ժամանակ այդ խոսակցությունը եղել է, ես 2 անգամ հանդիպել եմ իրենց հետ: Իրենք միշտ էլ այն, ինչ  որ տեսել են՝ գրել են: Այդ հարցում ազնիվ են: Բայց ամենակարեւորը՝ քաղաքական որոշումից է կախված, թե ինչ գնահատականներ կտան: Ի վերջո՝ իրենք չեն որոշողը: Իրենք պատկերը տալիս են, Եվրոպայի խորհրդում քաղաքական մարմինն է որոշում ՝ ելնելով Հայաստանի ընդհանուր վիճակից, Հայաստանի նկատմամբ ունեցած ակնկալիքներից: Հիմա ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ այս անգամ իրենք որոշել են իրականությունը ներկայացնել, ինչը մեծ ցավ է պատճառել գործող իշխանությանը»:

Պարոն Խաչատրյանը չի բացառում, որ գործող իշխանությունը խոստումներ է տվել ու չի կատարել, ինչի պատճառով էլ արժանացել է այդ զեկույցին. «Իրենք իրականում միգուցե այսպիսի ընտրություններ չէին սպասում»:

Մեր դիտարկմանը՝ ինչ-որ արտառոց բան չի եղել, միշտ էլ ընտրությունները լինում են, ընդդիմությունը ասում է՝ կեղծված են, նույն ընտրախախտումները, ի՞նչ արտառոց բան է եղել, որ չէին սպասում, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Կարող է՝ ավելին էլ է եղել նույնիսկ, 2008-ին սրանից ավելի վատ է եղել: Այս ամեն ինչի մեջ երեւի  իրենք մտածում էին, որ Հայաստանը պիտի ընտրությունների անցկացման իր չափանիշները փոխեր, այսինքն՝ նկատի ունեմ, որ այս կողմից խոստումներ էին տրվել, եւ նրանք ակնկալիք են ունեցել, որ դրանք կկատարվեն: Բայց այդ խոստումներին իսկի չեն էլ մոտեցել: Հակառակն են արել: Վերջիվերջո՝ եթե  2007-ի խորհրդարանական ընտրություններն ու սա համեմատեք՝ հետընթաց է միանշանակ»:

Կարելի՞ է ասել, որ Սերժ Սարգսյանի հարաբերություններն են վատացել դրսի հետ՝ Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Խոստումների խնդիր է, ես մտածում եմ: Իրենք փորձել են մեղմ  լինել իշխանության նկատմամբ, այդ թվում նաեւ՝ ֆինանսական օգնության, ինչ-որ  բաներում իրենց աչքերը փակել են, օրինակ՝ Մարտի 1-ի գնահատականների առումով, հետեւողական չեն եղել: Միգուցե դրա արդյունքում օլիգարխիայի, կոռուպցիայի, տնտեսության հետ կապված, հնարավոր է, խոստումներ են եղել, բայց դե, ոչ մի բան չի կատարվել: Կոնկրետ ես եւ մեր համակիրները ներկայացրել ենք Հայաստանի իրավիճակը՝ սոցիալական, նախընտրական, հետընտրական, ինչ որ կա: Իրենք հիմա ընդունելով դա եւ իրենցն էլ ավելացնելով՝ կարելի է ասել, գնահատական են տվել, ինչը նշանակում է՝ Հայաստանին նույնիսկ դեղին քարտ են տվել, թե՝ գիտեք ինչ, հերիք է խաբեք, մենք էլ չենք խաբվում: Հիմա շարունակությունը ինչ կլինի՝ հետեւողական կլինեն, ցուցակներ… միեւնույն անուն-ազգանվամբ մարդիկ. այդ ամեն ինչը սրանք կգրեն, հաշվի կառնեն՝ այդ դեպքում»:

Ըստ Վահագն Խաչատրյանի՝ միջազգային դիտորդական առաքելության այս զեկույցն ազդանշան եւ զգուշացում է նախագահական ընտրությունների համար. «Ազդանշան է, որ տեսեք՝ փոխվեք, հակառակ դեպքում չզղջաք. սա հենց այդպիսի ազդանշան պետք է համարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031