Արտակ Նազարյանի մահվան գործով մայիսի 30-ի դատական նիստը չկայացավ, քանի որ չէր ներկայացել ամբաստանյալ 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանը: Երեք ամբաստանյալները միջնորդեցին դատը հետաձգել՝ մինչեւ պաշտպան Մնացականյանը ներկայանա: Դատավոր Սամվել Մարդանյանը նիստը կես ժամով հետաձգեց: Պաշտպան Ա. Մնացականյանից դատարան հեռախոսագիր ստացվեց, համաձայն որի՝ ինքը չի կարողացել ներկայանալ մեքենա չլինելու պատճառով: Դատարանը նիստին նրա բացակայությունը համարեց անհարգելի: Մեղադրող Հարություն Հարությունյանը հայտարարեց՝ վկա Արթուր Մկրտչյանը նախորդ օրվա նիստում հայտարարել է, որ ինքը վախենում է, ներկայումս Ա. Մկրտչյանի նկատմամբ կարող են ճնշումներ գործադրվել, եւ դատարանին խնդրեց վկայի նկատմամբ պաշտպանական միջոց կիրառել: Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւ ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանն առարկեցին՝ ասելով, որ նիստը չի կայանում, սակայն մեղադրողը դատարանում միջնորդություն է ներկայացնում: Դատավոր Ս. Մարդանյանը դատը հետաձգեց եւ հաջորդ նիստը նշանակեց հունիսի 5-ին:
Մեղադրող Հարություն Հարությունյանը դատարանի միջանցքում մեզ ասաց, որ դատը լուսաբանող լրագրողներս ավելի շատ ներկայացնում ենք տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի տեսակետները: Հ. Հարությունյանն ասաց, որ վկա Արթուր Մկրտչյանի եղբայր Վարդան Մկրտչյանը ռազմական ոստիկանությունում է հայտնվել, քանի որ վերջինիս հանդեպ նախաքննական մարմինը պաշտպանական միջոց է ձեռնարկել, եւ Վարդանը մինչ օրս պաշտպանության տակ է: Հ. Հարությունյան նաեւ ասաց, որ Վարդանը գործով վկա է, նրա նկատմամբ քննչական գործողությունները կատարվել են օրենքի սահմաններում: Մեղադրողի խոսքերով՝ լրատվամիջոցներն անհարկի շահարկում են նախորդ նիստերից բացակայած վկա Արթուր Մկրտչյանի կողմից այդ ընթացքում Ղարաբաղում բանջար հավաքելը, ինչը լրատվամիջոցների կողմից այնքան էլ բարոյական չէ. Արթուրը գյուղացի տղա է, իր տունը պահում է բանջար հավաքելով: Դատախազին հիշեցրինք, որ դատարանում Արթուրը չէր հիշում, թե օրերս երբ է ինքը Ղարաբաղ՝ բանջարի գնացել: Հ. Հարությունյանի համոզմամբ՝ դատարանում ամբաստանյալների հարազատների կողմից վկաների նկատմամբ տիրում է ճնշման մթնոլորտ:
Ամբաստանյալ ավագ լեյտենանտ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանի համոզմամբ՝ իր պաշտպանյալը նախաքննության սկզբից 8 ամիս անց տուժողի իրավահաջորդների դիմումի հիման վրա է գործում ներգրավվել, եւ դա արվել է նախաքննության մարմնի կողմից ձեռք բերած ապօրինի ապացույցները հաստատելու համար:
Գործով ամբաստանյալ, կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանն Aravot.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հարցաքննված ժամկետային զինծառայողներն արհեստական վկաներ են, որոնցից ցուցմունքներ են կորզվել ռազմական ոստիկանությունում, անազատության մեջ 9-21, երբեմն մինչեւ 30 օր պահելով, այդ ընթացքում ամեն վկայի օրական 2-3 անգամ հարցաքննելով, սակայն գործի մեջ եղած ցուցմունքների մի մասն է պահպանվել, երբեմն վկաներից ցուցմունքներ են կորզվել բացահայտ շանտաժի միջոցով: Հրանտ Գեւորգյանի խոսքերով՝ մայիսի 29-ի դատական նիստում հաստատվեց խայտառակ փաստ՝ ձերբակալվել է վկա Արթուր Մկրտչյանի եղբայր Վարդանը, ով դեռեւս զինվորական ծառայության համար երդում չէր տվել, նրան երկար ժամանակ անազատության մեջ անհիմն պահել են, եւ որպեսզի նրա եղբայրը հետագայում իր ցուցմունքներից չհրաժարվի կամ ճիշտ ցուցմունք չտա, Վարդանի նկատմամբ իբր պաշտպանական միջոց են կիրառել եւ տեղափոխել ռազմական ոստիկանություն:
Կարդացեք նաև
Պաշտպան Գեւորգյանի վկայությամբ՝ բոլոր առանցքային վկաները ռազմական ոստիկանության հսկողության տակ են եղել եւ մինչեւ այժմ այնտեղ են, վկաները դատարան են բերվում ռազմական ոստիկանության կողմից: Հ. Գեւորգյանի համոզմամբ՝ քրեական դատավարության դրույթների համաձայն՝ գործով մի շարք վկաների ցուցմունքները որպես ապացույց չի կարելի ճանաչել, քանի որ նախաքննության ընթացքում դրանք ձեռք են բերվել քննչական ոչ օրինաչափ գործողությունների հետեւանքով, անազատության մեջ գտնվող վկաների հանդեպ հոգեբանական ճնշման գործադրմամբ: Պաշտպանի խոսքերով՝ սույն գործով խախտվել են ՀՀ Սահմանադրության, Քրեական դատավարության օրենսգրքի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ