Մայիսի 29 – ից՝ Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում բացվել է լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի «Անկախության ճանապարհին» խորագրով ֆոտոցուցահանդեսը: Այն Նվիրված է Շուշիի ազատագրման և հայոց բանակի 20 – ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված է Ղարաբաղյան շարժումը, պատերազմը, սոցիալական ծանր իրականությունը, հաղթական պահերը…
«Առավոտ երիտասարդականը» ցուցահանդեսին գնացել էր այսօր՝ մայիսի 30 – ին: Սրահը մարդաշատ չէր, նույնիսկ ուսանողներն էին անտարբեր անցնում նկարների կողքով: Նրանք արդեն հասցրե՞լ են նկարները նախորդ օրը տեսնել, թե` ոչ, պարզ չէ: Մենք փորձեցինք պարզել դա այնտեղ հավաքված ուսանողներից: Ոմանք նույնիսկ տեղյակ էլ չէին, որ համալսարանի սրահում ներկայացված են Ռուբեն Մանգասարյանի նկարները, ինչպես օրինակ այդ ինստիտուտի ուսանող Սուրենը. «Ես առաջին հարկի սրահում գրեթե չեմ լինում, տեղյակ չեմ, որ նոր ցուցահանդես կա», – ասում է նա, իսկ այ Նարինեին, ով նույնպես Թատերականի ուսանող է, շատ էին դուր եկել նկարները, «Դրանցում արտացոլված է մեր պայքարը, մարտականությունը, հաղթանակի ձգտումը… նկարները նայելիս փշաքաղվում էի», – ասում է նա:
Նշեմ նաև, որ ցուցահանդեսը գործելու է մինչև հունիսի 6-ը:
Տիգրանուհի Թասլակյան