Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կշարունակի պաշտոնավարե՞լ

Մայիս 30,2012 21:46

Aravot.am-ը քիչ առաջ արդեն տեղեկացրել է, որ ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերի արդյունքում որոշում է կայացրել ՀՀ նոր գումարման խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրել Հովիկ Աբրահամյանի, իսկ նախագահի տեղակալների պաշտոններում՝ Էդուարդ Շարմազանովի եւ Հերմինե Նաղդալյանի թեկնածությունները:

ԱԺ նախկին նախագահ Սամվել  Նիկոյանը, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շամազանովի խոսքերով,  «իր ծառայություններն ի փառս մեր պետության կօգտագործի այլ ոլորտում»: Ենթադրվում է, որ Սամվել Նիկոյանը որեւէ պաշտոն կզբաղեցնի գործադիր մարմնում: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նա կնշանակվի բնապահպանության նախարարի պաշտոնում:

Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, թե որոշում է կայացվել նաեւ, որ ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը շարունակելու է ղեկավարել Գալուստ Սահակյանը, իսկ խմբակցության քարտուղարի հարց չի քննարկվել:

ՀՀԿ-ն նախկին 6-ի փոխարեն նոր գումարման խորհրդարանում կունենա թվով 8 հանձնաժողովների նախագահներ, մնացյալ հանձնաժողովները «տրվել» են ԲՀԿ-ին: Այսպիսով, պետական-իրավական հանձնաժողովը կշարունակի ղեկավարել Դավիթ Հարությունյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը՝  Վարդան Այվազյանը, ֆինանսա-բյուջետային հանձնաժողովը՝ Գագիկ Մինասյանը,  սոցիալական հանձնաժողովը՝ Հակոբ Հակոբյանը,  առողջապահության հանձնաժողովը՝ Արա Բաբլոյանը, կրթության եւ գիտության հանձնաժողովը՝ Արտակ Դավթյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովը,  որը նախկինում ղեկավարում էր ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը, կղեկավարի ՀՀԿ-ական  Արտակ Զաքարյանը, եւ պաշտպանության հանձնաժողովը կգլխավորի մեծամասնական ընտրակարգով թիվ 8 ընտրատարածքից ընտրված Կորյուն Նահապետյանը, որը հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի բարեկամն է:

Էդուարդ Շարմազանովը նաեւ տեղեկացրեց, որ այսօրվա նիստերում գործադիրին առնչվող հարցեր չեն քննարկվել: Դրանք կհստակեցվեն հաջորդ նիստում: Թեեւ ըստ Սահմանադրությամբ սահմանված ժամանակացույցի՝ ՀՀԿ-ն մոտավորապես 50 օր ժամանակ ունի գործադիրին առնչվող հարցերը հստակեցնելու համար, բայց Շարմազանովն ասաց, թե չի կարծում, որ «հստակեցումներն այդքան երկար կձգվեն»: Ամեն դեպքում նա ասաց. «Լուրջ փոփոխություններ սպասել պետք չէ: ՀՀԿ-ն կառաջադրի հանրապետական վարչապետի»: Այդուհանդերձ, նա չհստակեցրեց, թե կոնկրետ ո՞ւմ թեկնածությունը կարող է առաջադրվել: ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց, թե գործող վարչապետի փոփոխության հարց չի քննարկվել, իսկ նրա անձնական կարծիքով՝ Տիգրան Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել:

Այսօր ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը նաեւ  կոալիցիոն նոր հուշագիր ստորագրեցին, որում ասվում է, թե երկու կուսակցությունները կշարունակեն աշխատել միասին, իսկ  2013թ. նախագահական ընտրություններում որպես միասնական թեկնածու կառաջադրեն Սերժ Սարգսյանին:

Շարմազանովը տեղեկացրեց նաեւ, թե ՕԵԿ-ի նախարարական պորտֆելները կպահպանվեն, դրանք կլինեն երեքը, իսկ նախկին ԲՀԿ-ական նախարարներին կփոխարինեն ՀՀԿ-ականները: Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ ՕԵԿ-ին չի առաջարկվել ԱԺ փոխնախագահներից մեկի պաշտոնը, ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց, որ նման հարց չի քննարկվել: Aravot.am-ի ճշտող հարցին՝ ՕԵԿ-ը չի՞ ուզել, թե՞ ՀՀԿ-ն չի առաջարկել, Շարմազանովը հստակեցրեց.  «Ընդհանրապես չի քննարկվել: Երբ ԲՀԿ-ն դուրս եկավ կառավարությունից՝ քննարկում չի եղել, եւ այդ պորտֆելներին ՕԵԿ-ում չեն հավակնել»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց նաեւ, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում ԲՀԿ-ական նախկին նախարարներին, ովքեր հրաժարվել են իրենց պաշտոններից: Ի պատասխան ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց, որ այլ կուսակցությունների ներկայացուցիչների քաղաքական ճակատագրերի մասին ինքը ոչինչ ասել չի կարող:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031