Քիչ հետո կմեկնարկի ՀՀԿ գործադիր մարմնի, ապա նաեւ խորհրդի նիստը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ այսօր, ուշ երեկոյան ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կոալիցիա ձեւավորելու մասին հուշագիր կստորագրեն: Ի դեպ, հուշագրում լինելու է կետ՝ 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին:
Էդուարդ Շարմազանովը հրաժարվեց պատասխանել Հայ ազգային կոնգրեսի այսօր տարածած հայտարարությանը, որով այդ ուժը հրաժարվում է վաղը մասնակցել խորհրդարանի առաջին նիստին: Շարմազանովն ասաց, որ դա ՀԱԿ- ի որոշումն է, եւ նրա իրավունքն է:
Հիշեցնենք, որ այսօրվա գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերում ՀՀԿ-ն կորոշի ԱԺ նախագահի, փոխնախագահների եւ հանձնաժողովների նախագահների իր թեկնածուների հարցը: Հարցին՝ արդյոք նախկինում ԲՀԿ-ին տրված ԱԺ փոխնախագահի պաշտոնը կփոխարինվի՞ ՕԵԿ-ի ներկայացուցչով, Էդուարդ Շարմազանովը դա չբացառեց, բայցեւ չհաստատեց՝ ասելով, որ ավելի ուշ դա եւս կհստակեցվի:
ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստին մասնակցելու համար քիչ առաջ կուսակցության գրասենյակ ժամանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրան դիմավորեցին ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը, Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Կարդացեք նաև
Շրջանառվող խոսակցությունների համաձայն, ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու է Սամվել Նիկոյանի, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Էդուարդ Շարմազանովի եւ Հերմինե Նաղդալյանի թեկնածությունները: Այդ տեղեկությունները, սակայն ՀՀԿ գործադիր մարմնի կամ խորհրդի անդամներից որեւէ մեկը ո՜չ հաստատում է, ո՜չ հերքում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ