Ամերիկայի Հայ դատի գրասենյակը ողջունում է ամերիկյան զենքի վաճառքը Ադրբեջանին կասեցնելու՝ կոնգրեսական Հովարդ Բերմանի ջանքերը։ Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հեղինակավոր անդամ, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հովարդ Բերմանը մայիսի 29-ին նամակ է հղել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ հորդորելով կասեցնել Ադրբեջանին ռազմական տեխնիկայի ակնկալվող վաճառը, քանի որ Ադրբեջանը շարունակում է ռազաշունչ հռետորաբանությունը եւ հարձակումները հարեւան Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վրա:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՆ-ը Ադրբեջանին ռազմական տեխնիկա է վաճառելու ու թեւ հստակ չի նշվում, թե խոսքը կոնկրետ ինչ տեսակի զենքի մասին է, նշվում է, որ այն օգտագործելու են Ադրբեջանի նավատորմի ռազմական ուղղաթիռները՝ սահմանների հսկողության եւ ոստիկանական գործողությունների համար:
Կոնգրեսականը պետքարտուղաին գրել է, որ Ադրբեջանը հնարավոր է այդ տեխնիկան օգտագործի սահմանային շրջանում հայկական թիրախները հայտնաբերելու, հնարավոր թիրախները դիտարկելու, կամ դրանց վրա հարձակվելու համար:
Հովարդ Բերմանը նաեւ մտահոգություն է հայտնում այն «մեսիջների» կապակցությամբ, որը տարածաշրջանի կողմերի մոտ կառաջացնի նման վաճառքը։
Հովարդ Բերմանը իր նամակի վերջում պետքարտուղարին հորդորում է կանխել այդ զինատեսակի վաճառքը Ադրբեջանին:
ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է կոնգրեսականի ջանքները, նշելով որ Հովարդ Բերմանի մտահոգությունները ժամանակին են եւ լավ հիմնավորված: Արամ Համբարյանը նշել է, որ զենքի վաճառքը Ալիեւի ռեժիմին հնարավորություն կտա վերականգնելու եւ սրելու ռազմաշունչ հռետորաբանությունը եւ հարձակումները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ:
Արամ Համբարյանը նշել է, որ ռազմական այսպիսի տեխնիկայի ցանկացած վաճառք միմիայն ծառայում է զինելու եւ քաջալերելու Ադրբեջանի ռազմատենչ կառավարությանը, որը սպառնում է ագրեսիվ գործողություններով խարխլել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշվելու հիմնարար իրավունքը եւ ապակայունացնում է ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող ողջ տարածաշրջանը:
Նշենք, որ առաջիկա օրերին, Եվրոպական այցի շրջանակներում Հիլարի Քլինթոնը լինելու է նաեւ Հարավային Կովկասում:
Մայիսի 31-ից մինչեւ հունիսի 3-ը նա այցելելու է սկանդինավյան երկրներ, հունիսի 4-7-ը այցելելու է Հարավային Կովկասի երկրներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, իսկ հունիսի 7-ին լինելու է Թուրքիայում, Ստամբուլում մասնակցելու է ահաբեկչության դեմ պայքարի միջազգային համաժողովին: