Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ընդդիմադիր գործիչ կոչվածի դեմքից ժողովուրդն արդեն հոգնել է»

Մայիս 30,2012 18:41

ՀՅԴ անդամ Աշոտ Հակոբյանն այսօր Aravot.am –ի հետ զրույցում  ԱԺ ընտրությունները  համարեց  չընտրություններ` պատճառաբանելով, որ ժողովուրդը ընտրելու ոչինչ չուներ: «Անկախ այն հանգամանքից   ընտրությունը քաղաքական է, թե այլ բնույթի, ընտրությունը ենթադրում է այլընտրանք: Այսինքն՝ դուք ինձ պիտի առաջարկեք մի այնպիսի իրավիճակ, որ ես տարբեր բնույթի բաներից ինչ-որ բան  ընտրեմ: Եթե այլընտրանք չկա, ես չունեմ ընտրություն, եթե  կենցաղում օրինակ բերեմ, կստացվի , որ ես գնացել եմ  հյուր` ապուր եմ ուզում, բայց ինձ հաց ու փլավ են առաջարկում, ի՞նչը ընտրեմ, ես ոչ փլավ եմ ուզում, ոչ էլ հաց, ուրեմն  ես ընտրություն չունեմ, ես ունեմ պարտադրված վիճակ, ինչ-որ բանից պիտի օգտվեմ` դրդվելով հյուրասիրության կանոններից: Նույնը քաղաքական դաշտում էր, քաղաքական դիրքորոշումների միջև չկար  սկզբունքային տարբերություն, ժողովուրդը լավ հասկացավ, որ այլընտրանք չունի », -ասում է Աշոտ Հակոբյանը:

Մեր զրուցակիցը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ  մեծամասնական ընտրակարգով թեկնածուները ավելի շատ ձայներ են հավաքել,   քան այն կուսակցությունը, որի գաղափարախոսությանը իրենք  պատկանում են: «Ամբողջ ընտրությունը դա ցույց տվեց. բոլոր մեծամասնականով առաջադրված կուսակցականներն ավելի շատ ձայներ հավաքեցին , քան իրենց կուսակցությունները, ինչո՞ւ էր էդպես, ժողովուրդը  չքվեարկեց գաղափարաբանությանը , այլ քվեարկեց անձին,  իրականում պետք է հակառակը լիներ:Բայց ճիշտ հակառակն էր ընդդիմադիր գործիչների պարագայում, ընդդիմադիր գործիչները իրենք ավելի քիչ ձայն  հավաքեցին , քան էն գաղափարաբանությունը, որին իրենք պատկանում են, ի՞նչ է  սրանով ուզում ասել ընտրազանգվածը. տվյալները ցույց են տալիս, որ ընդդիմադիր գործիչ կոչվածի դեմքից, արտաքինից ժողովուրդը  հոգնել է,  հակառակ դեպքում լրիվ ուրիշ տվյալներ պիտի լիներ»:

Պարոն Հակոբյանի համոզմամբ, այս երկու ցուցանիշները ապացուցում են, որ  հայ մարդը ունեցել է  պարտադրված վիճակ: «Ճիշտ է, պարտադրված վիճակում էլ  կարող ենք ընտրություն կատարել, բայց նեգատիվ ընտրություն, քանի  որ ես ընտրում եմ ոչ թե «ուզում եմ» բանաձևով, այլ ընտրում եմ «ինչքան շատ չեմ ուզում» բանաձևով , նայում եմ՝ ինչը շատ չեմ ուզում, սա՞, ուրեմն դա չեմ ընտրում, այսինքն՝ այս դեպքում ես ընտրում եմ չարյաց փոքրագույնին:Իսկ սրա ընտրության արդյունքը միշտ չարն է , ճիշտ է, ես փոքրագույնին ընտրեցի, բայց ինքը ունի պոտենցիալ մեծանալու»,- ասում է  դաշնակցական գործիչը:

Աշոտ Հակոբյանի պակերավոր ներկայացմամբ,  այս անգամ հայ  ժողովուրդը  իրականում չարյաց փոքրագույնի ընտրություն էլ չկատարեց, այլ  մարմնի վրա վերք  ունենալով, ոչ մեկին չթույլատրեց  վիրակապ դնել կամ այդ վիրակապը փոխել: «Ժողովուրդը ոչ մեկին չընտրեց, ուղղակի  ասաց` թողեք ինձ հանգիստ, իմ ցավով տապակվեմ, մինչև կլինի այն  ուժը, որին ես վստահեմ:Իսկ այդ ուժը հիմա քաղաքական հորիզոնում չկա, չի տեսնում հայ մարդը:Օրինակ` Դաշնակցությունը  խոսում է էն մասին, որ ինքը լուրջ պլատֆորմ ներկայացրեց, այո,  տարբեր էր դաշնակցության պլատֆորմը, բայց չներկայացվեց այնպես, որ ամենասովորական հայ քաղաքացու համար դա մատչելի լիներ, ոչ թե խոստումների շարք` էս կանեմ, էն կանեմ, դա չէ, այլ պետք է իմ հոգուց,  իմ էությունից բխի, որպեսզի ես լսեմ ու նույնիսկ ինտուիտիվ հասկանամ, որ դա իմն է, այս մարդը խոսում է իմ բերանով», -ասում է մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031