Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանը խուսափեց ԲՀԿ-ին ընդդիմություն անվանել, ասաց՝ այլընտրանք են

Մայիս 30,2012 18:19


ԲՀԿ պատգամավորի մանդատն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովից եկել էր ստանալու նաեւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանում լինելու է այն, ինչ արդեն ասվել է, ճշտին՝ ճիշտ ենք ասելու, մեր կարծիքով, սխալին էլ սխալ ենք ասելու: Հիմնականում փորձելու ենք իրական փոփոխություն բերել մեր հասարակության մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց պարոն Օսկանյանը:

Նրա խոսքերով, ընտրարշավի ընթացքում ԲՀԿ-ն խոսել է իսկական փոփոխություններից եւ քաղաքական, եւ սոցիալական, եւ տնտեսական դաշտում, ժողովրդին խոստումներ են տվել, խոսել են ծրագրերից եւ խորհրդարանում էլ իրենց գործունեւությամբ հետամուտ են լինելու այդ ծրագրերի իրականացմանը:

Մտավախություն չունե՞ն , որ ՕԵԿ-ի ճակատագրին կարժանանան: Այս հարցին պարոն Օսկանյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն շարունակելու է մնալ այլընտրանք՝ այսօրվա գործող իշխանություններին, շարունակելու է մնալ այլընտրանք՝ խորհրդարանում քաղաքական մեծամասնությանը, եւ մենք շարունակելու ենք, փորձել իրականացնել մեր ծրագրերը: Եթե կբերվեն օրենքներ, որոնք, մեր տեսանկյունից, համապատասխանում են հասարակության շահերին, կաջակցենք այդ օրենքների անցկացմանը, եթե չեն համապատասխանում մեր ծրագրերին եւ գտնում ենք, որ հակասում են ժողովրդի շահերին, կպայքարենք դրա դեմ ու կփորձենք փոփոխություններ մտցնել եւ մեր դիրքորոշումը քվեարկությամբ կարտահայտենք»:

Հարցին, թե ինչո՞ւ է խուսափում ընդդիմություն բառն օգտագործելուց, պարոն Օսկանյանը պատասխանեց. «Արդեն ասվել է՝ մենք կլինենք կառուցողական դաշտում, բայց կլինենք այլընտրանք՝ այսօր գործող իշխանություններին, որովհետեւ իշխանության լծակները գտնվում են քաղաքական մեծամասնության մոտ՝ կառավարության մոտ, ԲՀԿ-ն ինչպես ընտրապայքարում է հանդես եկել, այնպես էլ կշարունակի»:

Պարոն Օսկանյանը վաղ համարեց խոսել նախագահի իրենց թեկնածուի հնարավոր տարբերակի մասին ու հավելեց, որ այն փաստը, որ հնարավոր չի եղել ընդհանուր լեզու գտնել ու կոալիցիա կազմել,  նշանակում է , որ ծրագրերի մեջ կան էական տարբերություններ:

Նա չասաց նաեւ, թե ով է առաջարկել կոալիցիա կազմել.«Բացարձակապես կապ չունի, ով ինչ է առաջարկել, դուք էլ լսեցիք, որ ՀՀԿ-ն բոլորի հետ երկխոսության մեջ է մտել: Այս իրավիճակից, կասկած չունենք, շահելու է երկիրը, հասարակությունը , խորհրդարանի աշխատանքը: Այսօր մենք շատ ավելի մոտ ենք իրական խորհրդարանի, քան երբեւէ եղել ենք»: Խոսակցությունները, թե 6 ամիս հետո, ԲՀԿ-ն կրկին կոալիցիա է մտնելու, պարոն Օսկանյանն ասաց.«Դրանք կարծիքներ են, ուրիշ հարցեր»: Հետո հավելեց, որ ԲՀԿ-ն իսկական փոփոխություններ է ուզում բերել ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական դաշտում. «Կշարունակենք մեր պայքարը փոփոխության համար, օրը կգա, որ կունենանք իշխանական լծակներ»:

Ինչ վերաբերում է, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ասածին, թե չի բացառվում, որ ԲՀԿ-ն կունենա պորտֆելներ, պարոն Օսկանյանն ասաց.«Այս պահին ոչ մի պորտֆել չկա»:

Հարցին ի պատասխան, թե Ռոբերտ Քոչարյա՞նն էր կոալիցիա չմտնելու պատճառը, պարոն Օսկանյանը ծիծաղեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031