Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սարգիս Մուրադյանի նկարները, որոնք ոչ ոք չէր տեսել

Մայիս 30,2012 18:07

Այսօր Հայաստանի նկարչի տանը կայացավ Հայաստանի ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի «Իմ ժամանակակիցը» ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված նկարչի 85-ամյակին: Ցուցադրված աշխատանքները 67-ն էին, որոնցից 30-ը առաջին անգամ էին արվեստասերներին ներկայացվում:

Սարգիս Մուրադյանը ծնվել է 1927 թվականին՝ Երեւանում: 1951-ին ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 3 տարի անց դարձել Հայաստանի նկարիչների միության անդամ: Նկարչի հարուստ կենսագրությունը ձեւավորվել է ոչ միայն ստեղծագործական ուղու հղկմամբ, այլեւ նշանակալի կազմակերպչական գործունեությամբ. 1964-68 թվականներին նա եղել է Հայաստանի գեղարվեստական խորհրդի նախագահը, 1982-87 թվականներին՝ Նկարիչների միության նախագահը: ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր էր 1985-90 թվականներին, դրան հաջորդած 5 տարիներին էլ ՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր: Երկար տարիներ դասավանդել է Երեւանի գեղարվեստի ակադեմիայում:

Սարգիս Մուրադյանի ստեղծագործությունը մեծապես կապված է եղել հայրենիքի ու հայության խնդիրների հետ: 1956 թվականին հեղինակած «Վերջին գիշեր. Կոմիտաս» գործը լայն ճանաչման է արժանացրել նկարչին: Յուրաքանչյուր ոճի դիմելիս Մուրադյանը կարողացել է պահպանել ազգային մտածողությունը:

Ցուցահանդեսին ներկա էին նկարչի արվեստագետ ընկերները, հարազատները, որոնք խորը հիացմունքով հետևում էին նկարչի աշխատանքներին:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հանդես եկավ բացման խոսքով.

«Նկարիչը այսօր չկա, բայց իր գործերն են մեզ հետ, նայելով ցուցահանդեսը ես անակնկալի եկա, բավականին շատ են նոր ստեղծագործությունները, որտեղ կրկին անգամ դրսևորվում է արվեստագետի ճաշակը դեպի նկարչություն»:

Aravot.am-ի հետ զրույցում նկարչի դուստր Զարուհի Մուրադյանը նշեց. «Սա միայն սկիզբն է այն ամենի, ինչ դեռ հետագայում կցուցադրվի, ես ներկայացրել եմ այն աշխատանքները, որոնք հայրս իր հոգու համար նկարելով պահում էր արվեստանոցում, սրանք գրեթե ոչ ոք չի տեսել, և կարծում եմ, որ լուրջ արվեստագետները հիմա զարմացած են: Նրա մահից 5 տարի է անցել, և ես միայն հիմա եմ ընկալում, որ նա շատ երջանիկ էր, թե որպես ստեղծագործող, թե որպես քաղաքացի, թե որպես հայր: Նա գլուխը բարձր, ազնիվ մտավորական էր»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031