Երևանում այսօր տեղի ունեցավ ԵՄ–ՀՀ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի նիստը: Հանդիպումն ընթանում էր ԵՄ–ՀՀ Գործընկերության և համագործակցության համաձայնագրի (ԳՀՀ) շրջանակներում: Նիստի նպատակն էր քննարկել Հայաստանում և ԵՄ տարածքում տեղի ունեցող զարգացումներն ու ռազմավարությունը, առևտրի և տնտեսական ոլորտի երկկողմ հարաբերություններն ու մտքեր փոխանակել ԵՄ–ՀՀ ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը ողջունեց ԵՄ կողմին` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Լյուկ Դեվինի գլխավորությամբ: Քննարկման ընթացքում կողմերն իրենց գանահատումն արտահայտեցին մի շարք ոլորտներում վերջերս տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, այդ թվում` առևտրի, հարկային, մաքսային, ներդրումային դաշտի, մտավոր սեփականության իրավունքների, պետական գնումների և ընդհանուր մակրո-տնտեսական զարգացումների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում ԵՄ կողմը ողջունեց մինչ այժմ գրանցված առաջընթացն ու խրախուսեց Հայաստանին ավելի ակտիվացնել բարեփոխումներին ուղղված իրենց ջանքերը: Ընդգծվեց նաև պատշաճ իրականացման անհրաժեշտությունը, հնարավորություն տալով Եվրոպացի և հայ գործարարներին ու սպառողներին լիարժեք օգտվել բարեփոխումային գործընթացի արդյունքներից:
Լրացուցիչ տեղեկություններ
Կարդացեք նաև
Առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեն չորս նմանատիպ ֆորումներից մեկն է, որը տեղի է ունենում տարեկան մեկ անգամ և ընդգրկում է ԳՀՀ հարցերի լայն շրջանակ: Ենթակոմիտեների հանդիպումներին զուգահեռ` ընթանում են ԵՄ-ՀՀ ապագա Ասոցացման համաձայնագրի և դրա անբաժանելի մաս հանդիսացող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները: Ասոցացման համաձայնագիրը փոխարինելու է գործող ԳՀՀ-ն` ստեղծելով ԵՄ-Հայաստան կառուցողական հարաբերությունների նոր հիմք:
Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում