Որոշ կայքեր` հղում անելով «հավաստի աղբյուրներին», հրապարակել են «հակաճգնաժամային փաթեթ»` ութ նախապայմաններ, որոնք իբրեւ իրենց վերջին հանդիպումների ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է Սերժ Սարգսյանին եւ որոնց բավարարման դեպքում ԲՀԿ-ն կհամաձայներ մաս կազմել կառավարությանը: Դրանք են` փոխվում է վարչապետը, կառավարությունը կոչվում է ոչ թե կոալիցիոն, այլ հակաճգնաժամային, նոր վարչապետին նշանակում է Սերժ Սարգսյանն` իր հայեցողությամբ, Ս. Սարգսյանի, որպես միասնական նախագահի թեկնածուի նախապայմանը հանվում է, իշխանության բոլոր օղակներում, այդ թվում կառավարությունում ներգրավվելու առաջարկ է արվում ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, «Ժառանգությանը», նոր վարչապետն ունենում է լայն լիազորություններ, ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնում իր քվոտայով կառավարություն գործուղել ոչ կուսակցական, բայց մեծ հեղինակություն ունեցող մասնագետների, նույնն ակնկալում է ՀՀԿ-ից եւ ստեղծվում են բոլոր նախապայմաններն առաջիկա ՏԻՄ ընտրություններն ազատ և թափանցիկ անցկացնելու համար:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական խմբի պատասխանատու Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հարցին` իրականությանը համապատասխանո՞ւմ են հրապարակված տեղեկությունները, պատասխանեց. «Նման բանից տեղյակ չեմ: Չեմ կարող մեկնաբանել մի բան, որից տեղյակ չեմ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև