Վարչապետ Տիգրան Սարգսյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում, որտեղ տեղի է ունեցել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդև. «Հարգելի Տիգրան Սուրենի, հարգելի գործընկերներ, ուրախ եմ Աշգաբադում ընթացող կառավարությունների ղեկավարների հանդիպման շրջանակում խոսել մեր երկկողմ հարաբերությունների մասին: Մեր օրակարգն ավանդական Է: Մենք կարող ենք քննարկել յուրաքանչյուր հարց, որոնք վերաբերում են Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար և տնտեսական կապերի զարգացմանը: Ուրախ եմ մեր նոր հանդիպման և այդ հարցերի քննարկման հնարավորության համար»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյան. «Շնորհակալություն, հարգելի Դմիտրի Անատոլիի: Հարգելի գործընկերներ, շնորհակալություն մի քանի հարցեր ձեզ հետ քննարկելու հնարավորության համար, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին: Դուք գիտեք, որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին հատուկ նշանակություն ենք տալիս: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, այդ թվում առաջինը տնտեսական բաղադրիչի առումով: Ռուսական ներդրումները մեր տնտեսության մեջ կազմում են 60 տոկոս, այսինքն՝ Ռուսաստանը բավական առաջ է անցնում բոլոր այն երկրներից, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանում: Եվ մենք, իհարկե, շահագրգռված ենք այդ հարաբերությունների ամրապնդման գործում: Հուսով եմ, որ մեր այսօրվա օրակարգը կծառայի այդ գործին»:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ