Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը ժամը 16.25-ին հրապարակեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եւ մյուսների գործով դատավճիռը: Մարգար Օհանյանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը թողնվեց անփոփոխ: Պատժի սկիզբը հաշվվեց 2011թ. օգոստոսի 30-ից:
Սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանը դատապարտվեց 5 տարի 11 ամիս 27 օր ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Նշանակված պատիժը պայմանական չի կիրառվի, կկիրառվի 5 տարի փորձաշրջան: ՃՈ տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանը եւ տեխնիկ Սամվել Մախմուրյանը դատապարտվեցին 5,5 տարի ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, 4 տարի փորձաշրջանով: Վերջին երեքի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, մնաց անփոփոխ:
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 82 հազար 440 դրամ: Դատարանը վճռեց վերացնել Մարգար Օհանյանի գույքի վրա դրված կալանքը:
Կարդացեք նաև
Դատաքննությունից հետո Մարգար Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանն ասաց, որ խիստ էր նշանակված պատիժը, բոլոր հիմքերը կային պատիժը պայմանական չկիրառելու համար: Իսկ այն հարցին, թե բողոքարկելո՞ւ են վճիռը, ասաց, որ խորհրդակցելու է իր պաշտպանյալի հետ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ