Այսօր ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ ՀՀ ոստիկանությունում կազմակերպվել էր հանդիպում` Հայաստանի մայրաքաղաք Երևանում հունիսի 1-ից ներդրվող համայնքային ոստիկանության նոր մոդելի վերաբերյալ:
«ԵԱՀԿ երևանյան գրասենյակն արդեն մի քանի տարի աջակցում է Հայաստանում համայնքային ոստիկանության մոդելի` որպես ժողովրդավարական ոստիկանական պրակտիկայի ներդրմանը և իրագործմանը: ԵԱՀԿ գրասենյակը կշարունակի իր աջակցությունը Երևանում նոր մոդելի կիրառման գործում», նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուն:
Նախատեսվում է ստեղծել համայնքային ոստիկանական ստորաբաժանումներ քաղաքում, որտեղ կներգրավվեն մոտ 300 ոստիկանններ: ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ ս.թ. մարտ ամսին կազմակերպվել են երեքշաբաթյա գործնական դասընթացներ համայնքային ոստիկանությունում ներգրավված ոստիկանների համար:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը հավելեց. «Համայնքային ոստիկանությունը ոստիկանական գործունեության յուրահատուկ ուղղություն է, որը հիմնված է ոստիկանության և համայնքի սերտ համագործակցության վրա և նպատակ ունի արդյունավետորեն լուծելու համայնքի խնդիրները և նրան մատուցել որակյալ ոստիկանական ծառայություն»:
Կարդացեք նաև
Այսօրվա միջոցառման ընթացքում Երևանի ոստիկանական բաժինների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացվեցին «Համայնքային ոստիկանության ոլորտում ներգրավված ոստիկանության աշխատակիցների համար ուղեցույցը», որը մշակել էր Միացյալ Թագավորությունից համայնքային ոստիկանության փորձագետ Դեյվիդ Այենսոնը` ԵԱՀԿ աջակցությամբ: Ուղեցույցը կիրառման տեսակետից հարմար միջոց է` հասկանալու համար համայնքային ոստիկանության ոլորտում առաջավոր միջազգային փորձը` Հայաստանի ոստիկանական պրակտիկայի համատեքստում: