Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանի դեմ դատական նիստին խանգարեց ՀԱԿ-ի գործը (Տեսանյութ)

Մայիս 30,2012 16:49

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ պետք է քննվեր «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի: Սակայն դատական նիստից առաջ հայցվոր կողմը զանգահարել եւ խնդրել էր նիստը եւս մեկ անգամ հետաձգել՝ Սահմանադրական դատարանում ՀԱԿ-ի գործի հետ կապված զբաղվածության պատճառով:

Դատավորը նշեց, որ արդեն քանի անգամ է՝ ստիպված են լինում նույն՝ զբաղված լինելու պատճառաբանությամբ հետաձգել դատը, եւ այս անգամ Վլադիմիր Գասպարյանի շահերի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանին դիմեց՝ առարկո՞ւմ է նա, թե՞ ոչ: Փաստաբանը դատավորի հայեցողությանը թողեց՝ նշելով, որ թեեւ իսկապես մի քանի անգամ հետաձգել են նիստը, այս անգամ էլ չի առարկում: Դատական նիստը հետաձգվեց, դատավորը նշեց՝ «ընդունելով, որ շատ զբաղված են՝ այս անգամ էլ բավարարենք միջնորդությունը»: Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 13-ին, ժամը 16.30-ին:

Հիշեցնենք, որ ՊՆ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Վլադիմիր Գասպարյանը «Զինուժ» հեռուստատեսային հաղորդաշարի ժամանակ, ինչպես նաեւ «Հրապարակ» օրաթերթին տրված հարցազրույցի ժամանակ ասել էր. «Ցավացող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն բանակի նկատմամբ, նախարարի նկատմամբ, ես տեսնում եմ թույն մեջները: 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու…»: Կազմակերպության գնահատմամբ՝ դրանք վիրավորական արտահայտություններ են եւ արատավորում եմ կազմակերպության բարի համբավը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031