Լրահոս
Օրվա լրահոսը

Թերսնումն ու սթրեսներն էլ են նպաստում շաքարային դիաբետով հիվանդների աճին

Մայիս 30,2012 16:32

 Այսօր հանրապետությունում գրանցված է շաքարային դիաբետով հիվանդ 400 երեխա եւ տարեցտարի նրանց թիվն աճում է: Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում այս մասին հայտնեց հանրապետական էնդոկրինոլոգիական մանկական դիսպանսերի ղեկավար Ելենա Աղաջանովան: Բժշկի խոսքերով՝ պատճառները տարբեր են՝ սկսած ժառանգականությունից մինչեւ մուտացիայի ենթարկված գեն:

Aravot.am-ի հարցին, թե որոշ մասնագետների հավաստմամբ՝ շաքարային դիաբետը նաեւ սոցիալական հիվանդություն է, այսինքն` դրա առաջացմանը նպաստում են թերսնումը, սթրեսները եւ աղտոտված շրջակա միջավայրը, տիկին Աղաջանովան պատասխանեց. «Հիվանդությունն ամբողջ աշխարհում երիտասարդացել է, հատկապես` շաքարային դիաբետով հիվանդանում են մինչեւ 5 տարեկան երեխաները: Սակայն գիտնականները մինչ օրս դիաբետի առաջացման բուն պատճառն առայժմ չեն հայտնաբերել: Բայց բոլոր այդ գործոնները` թերսնումը, էկոլոգիան, սթրեսները նպաստում են, որպեսզի գենը մուտացիայի ենթարկվի»:

Տիկին Աղաջանովայի ներկայացմամբ, երեխաների մոտ կա շաքարային դիաբետի 2 տիպ: Առաջինը` ինսուլինի բացարձակ անբավարարությունն է, այսինքն` ինսուլին արտադրող բջիջներն ամբողջությամբ քայքայված են: Մյուսը` օրգանիզմում ինսուլինի նվազ քանակությունն է: Բոլոր դեպքերում էլ այդ երեխաները պետք է սահմանված ժամին եւ սահմանված չափաքանակով ինսուլին ստանան: Պատահում է, որ պետպատվերով, երեխաներին հատկացվող այդ դեղի ներկրումը ուշանում է եւ ծնողները ստիպված են լինում ինսուլինը դեղատներից ձեռք բերել, որի մեկ տուփի արժեքը սկսվում է 5000 դրամից: Այս առնչությամբ, էնդոկրինոլոգը նշեց, որ միայն այս խնդիրը չէ, որ առկա է: Ըստ նրա, քանի որ շաքարային դիաբետն այն հիվանդությունն է, որը մարդուն ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում, ուստի դիաբետիկը հետագա բուժումը ստանում է տան պայմաններում:

Տիկին Աղաջանովայի խոսքերով. «Պետությունը չի կարողանում ապահովել այն սարքավորումները` գլյուկոմետրը, ստրպերը, որոնց միջոցով ինսուլինի չափաքանակը ներարկելուց առաջ պետք է որոշեն արյան մեջ շաքարի քանակը, դրանք թանկ արժեն»:

Ասուլիսին ներկա «Երազ» բարեգործական ընկերության ղեկավար Կարինե Մխիթարյանը վստահեցրեց, որ տեղացի բարեգործների միջոցներով իրենց ընկերությունը փորձում է լուծել այդ խնդիրը: Ըստ նրա, իրենք օգնում են Արցախի եւ Ջավախքի երեխաներին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031