Այսօր տեղի ունեցավ 153 հիմնական դպրոցը լեզվաբան, գրականագետ, մատենագետ Ռաֆայել Իշխանյանի անունով կոչելու հանդիսավոր ցերեկույթը: Միջոցառման մեկնարկին Ռ. Իշխանյանի այրու՝ Բյուրակն Չերազ-Անդրեասյանի եւ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի կողմից բացվեց դպրոցի՝ Ռ. Իշխանյանի անունը կրող ցուցատախտակը:
Ինչպես ելույթում նշեց թիվ 153 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանը՝ անվանակոչությունը կարեւոր իրադարձություն է բարդ ճանապարհ անցած դպրոցի համար. «1971թ-ին դպրոցը դարձել էր ԽՍՀՄ գործկոմի նստավայր, բայց 1990-ին այստեղ հնչեց զանգը, եւ դպրոցը վերադարձվեց աշակերտին: Այժմ 153-ի անունը հաճախ է հնչում՝ որպես հաջողությունների հասած դպրոց»:
Տիկին Սարգսյանը հավելեց, որ դպրոցը բարձր է պահելու Իշխանյանի անունն ու հիշատակը:
Միջոցառման ընթացքում դպրոցի երրորդ հարկում բացվեց Ռ. Իշխանյանի անվան սրահ, որտեղ ցուցադրված են լեզվաբանի լուսանկարներն ու հրատարակությունները:
Կարդացեք նաև
Լրագրողների հետ զրույցում Բյուրակն Չերազ-Անդրեասյանը նշեց, որ դպրոցի անվանակոչության օրն ամենաերջանիկներից է իր կյանքում. «Ամուսինս շատ ուրախ կլիներ այս առիթի համար: Ուզում եմ, որ դպրոցը դառնա օրինակելիներից մեկը, իսկ աշակերտները նախանձախնդիր լինեն հայոց լեզվի պահպանման գործում, որ մեր լեզուն հնչի աշխարհի բոլոր ծայրերում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ