Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանի եւ տեխնիկ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործով մտավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու: Այն կհհրապարակվի ժամը 16.25-ին:
Մինչ խորհրդակցական սենյակ մտնելը, Մ. Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը դատարանին ներկայացրեց երկու բնութագիր, որոնցից մեկը տրված էր Նորք-Մարաշ համայնքի ղեկավար Մկրտչյանի կողմից, մյուսը՝ ՀՀ ոստիկանության: Ըստ համայնքի ղեկավարի՝ Մարգար Օհանյանը վայելել է համայնքի բնակիչների հարգանքն ու սերը, նա մասնակցել է բարեսիրական միջոցառումների, եկեղեցու շինարարության համար գումար հայթայթել հանգուցյալ Արմենակ Արմենակյանի հետ: Իսկ ՀՀ ոստիկանության տված բնութագրի համաձայն, Օհանյանն անցել է համակարգում աշխատանքի 1981թ. ապրիլից, ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնում պարգեւատրվել է 17 անգամ:
Մկրտիչ Վասակյանը նաեւ ներկայացրեց «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում Հայկ Օհանյանի՝ Մարգար Օհանյանի որդու կողմից 19 մլն 721 հազար ՀՀ դրամի չափով անդորրագիրը, ինչի կապակցությամբ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ, տուժող ճանաչված Ժիրայր Կարապետյանը հրաժարվեց հայցային պահանջից:
Կարդացեք նաև
Ստեփան Կարախանյանի պաշտպան Լիանա Գրիգորյանն ասաց, որ իր պաշտպանյալն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ ընդունել է մեղքն ամբողջությամբ: Մեղադրողը պահանջել էր 5 տարի 11 ամիս 27 օր ազատազրկում՝ 4 տարի պայմանական փորձաշրջանով չկիրառելու համար: Պաշտպանն ասաց, որ Կարախանյանը վատառողջ է, նախկինում դատված չի եղել, մասնակցել է մարտական գործողությունների, պարգեւատրվել է, ամբողջությամբ հատուցել է նյութական վնասը: Նա խնդրեց նվազագույն պատիժ կիրառել՝ փորձաշրջան 3 տարի ժամանակով: Կարախանյանը վերջին խոսք չասաց, միացավ իր պաշտպանի ճառին:
Մարգար Օհանյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա ասաց, որ իր ողջ գիտակցական կյանքը նվիրված է եղել ոստիկանությանը, ճանապարհային ոստիկանությանը: Նա ասաց, որ իր երկրորդ տունն է համարել ոստիկանությունը, իր օրոք եղել են ձեռքբերումներ, չի ժխտում, որ եղել են բացթողումներ: «Յուրաքանչյուր աշխատող մարդ սխալվելու իրավունք ունի: Միայն գլուխ պահող մարդն է ապահովագրված սխալներից: Ես չեմ խուսափել պատասխանատվությունից, ընդմունում եմ մեղավորությունս պետության առջեւ: Բավարարվեք իմ այս հայտարարությամբ: Շնորհակալ եմ իմ նախկին գործընկերներին, լրագրողներին՝ անաչառ լինելու համար: Հավատացեք եւ վստահեք ինձ, չարություն չեմ տեսել, հարգելի լրագրողներ, ձեր հոդվածներում: Կորցնելու ոչինչ չունեմ, էլի նույն անձնավորությունն եմ, չեմ ամաչում որեւէ մեկիդ առջեւ կանգնելուց, չեմ ամաչում իմ մորից, իմ տղայից: Թող իմ աչքերի մեջ նայելուց ամաչեն նրանք, որոնք իմ հանդեպ անարդար են եղել»,- ասաց նա:
Պաշտպանական ճառով Մկրտիչ Վասակյանը խնդրեց դատարանին, որպեսզի պաշտոնեական դիրքը չարաշահելու, գույք հափշտակելու հոդվածով իր պաշտպանյալին ճանաչեն անմեղ, իսկ պատիժը պայմանական չկիրառելու հոդվածը կիրառեն իր պաշտպանյալի նկատմամբ, ինչպես դա արել են մյուսների նկատմամբ:
ՃՈ տեխնիկ Սամվել Մախմուրյանը հանդես եկավ վերջին խոսքով, ասելով, որ ոչինչ չունի ավելացնելու, խնդրեց դատարանին հաշվի առնել իր անցած ճանապարհը եւ մեղմ վերաբերվել:
Արա Լեւոնյանը նույնպես խնդրեց, որ իր նկատմամբ պատիժը պայմանական չկիրառվի երկու տարի: Հիշեցնենք, որ դատախազ Հարություն Հարությունյանը միջնորդել էր 5,6 տարվա ազատազրկում եւ 4 տարի պայմանական չկիրառելու պայմանով:
Մեղադրողը պնդեց իր նախկին դիրքորոշումները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ