Այս տարի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երեւանը կարդալու մշակույթից հեռացած հայ հասարակությանը ներկայանում է երիտասարդ ստեղծագործողների նոր գործերով՝ միաժամանակ անդրառնալով արդի գրականությանը:
Երիտասարդ արձակագիր եւ էսսեիստ Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» առաջին վեպը մեկն է այդ գործերից: Վեպը կառուցված է դրվագային սյուժեով, որտեղ դոմինանտը բանակն է, մի տարածություն, ուր սրընթաց կերպով դեֆորմացվում են երիտասարդ մարդկանց ճակատագրերը, կյանքի վերաբերյալ պատկերացումներն ու զգացողությունները:
«Նրանք դիմում են հիշողության բացառիկ հնարավորությանը` փորձ անելով վերականգնել ու հպվել երջանկության եւ հիացմունքի հեռավոր պատառիկներին: Վեպում ամենաէականը ռիթմային անցումներն են»,- այն գրքի սյուժեն է ներկայացնում 29-ամյա գրողը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մայիսի 5-ին Սիրահարների այգում
«Մարդը պարզապես չի կարող հեռանալ գրքից: Կարծում եմ՝ նրա պատմելու եւ լսելու ունակությունը կդադարի իր գոյության հետ: Քանի դեռ կա պատմողը, կլինի նաեւ լսողը: Եթե որոշել ես պատմել գեղարվեստի քո պատկերացումը թեկուզ կյանքի գնով, կանես այդ ու ոչինչ չի կարող կասեցնել ընթացքը: Համոզված եմ` իմ ընկերների եւ իմ ձայնը լսելի է լինելու, նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր տարբեր կարծրության առարկաներ են խոթում իրենց ականջները»,- հավելում է նա:
2011-ին Արամ Պաչյանը հրատարակել է «Ռոբինզոն եւ 13 պատմվածք» ժողովածուն, արժանացել է մի շարք գրական մրցանակների, այդ թվում` 2010-ին ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին` գրական մամուլում տպագրած պատմվածքների շարքի համար: Ավելի քան մեկ տարի նա սյունակ է հեղինակում «Հրապարակ» օրաթերթում, ինչպես նաեւ «Իմպուլս» ռադիոկայանի (106.5) եթերում վարում է «Գրադարանում Արամ Պաչյանի հետ» հեղինակային հաղորդաշարը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ